2003-2015 թթ. Հայաստանում աշակերտների 16-28 տոկոսը չի կարողացել հաղթահարել մաթեմատիկայի միջազգային գնահատման ստորին շեմը: Այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած՝ «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները, դրանց առավելություններն ու մտահոգությունները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Սա վկայում է ամբողջ թվերի, տասնորդական կոտորակների մասին տարրական գիտելիքների բացակայության, թվաբանական պարզ գործողություններ կատարելու անկարողության մասին: Աշակերտների 8-11 տոկոսն այնքան ցածր միավոր է ստացել, որ անհնար է եղել նրանց գնահատել: 2003-2015 թթ. Հայաստանում աշակերտների 24-42 տոկոսը չի հաղթահարել բնագիտության միջազգային գնահատման ստորին շեմը»,- ասաց Անդրեասյանը:
Անդրեասյանը տեղեկացրեց նաև, որ 2019 թվականին Հայաստանում դիմորդների մոտ 20 տոկոսը չի հաղթահարել հայոց լեզվի կենտրոնացված միասնական քննության նվազագույն շեմը: