Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը նամակ է հրապարակել, որով կոչ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ լրատվամիջոցների մասին վերջերս ընդունված օրենքը վերադարձնել լրամշակման:
Հանձնակատարը լուրջ մտահոգություն է հայտնել, որ նոր օրենքն ընդունվել է՝ առանց լայն և բովանդակալից խորհրդակցությունների։
Այն չի համապատասխանում մարդու իրավունքների, խոսքի ազատության և ԶԼՄ-ների ազատության միջազգային չափանիշներին։ Օրենքը չափազանց շատ կարգավորումներ է մտցնում ԶԼՄ-ների ոլորտում, ինչը հակասում է ազատ, անկախ, գրաքննության չենթարկվող ԶԼՄ-ների և բազմակարծության սկզբունքներին։
«Նոր ընդունված օրենքն է՛լ ավելի է վատթարացնում կարծիքի արտահայտման և ԶԼՄ-ների ազատության իրավիճակը։ Այն պետական իշխանության մարմիններին լիցենզավորման միջոցով լրագրողների աշխատանքը չափից ավելի սահմանափակելու լիազորություններ է տալիս։ Այն նաև մեդիա ընկերությունների և կազմակերպությունների ֆինանսական, իրավաբանական և գործառնական գործունեության սահմանափակումների հնարավորություն է տալիս»,- գրել է Միյատովիչը՝ ընդգծելով օրենսդրության համապատասխանեցման անհրաժեշտությունը խոսքի ազատության և ԶԼՄ-ների ազատության միջազգային և եվրոպական չափանիշներին: