Հունվարի 24-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է գումարել:
Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի՝ ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրվել է Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հանձնաժողովին հակիրճ ներկայացրել է առաջադրված թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային անցած ուղին: Նշվել է, որ Ռուբիկ Հակոբյանը հիմնադրել և ղեկավարել է ՀՀ ԳԽ մամլո ծառայությունը, հեղինակել և վարել է մի շարք հեռուստածրագրեր:
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունն առաջադրելիս կարևորել են մասնագիտական առանձնահատկությունը՝ նշելով, որ այս հանգամանքը կօգնի արդյունավետ իրականացնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գործունեությունը:
Ռուբիկ Հակոբյանը ներկայացրել է հանձնաժողովի աշխատանքների, հանձնաժողովի անդամներին տրված վերահսկողական լծակների, լիազորությունների, գործիքակազմի վեաբերյալ իր տեսլականը, անդրադարձել նաև «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրարկելիությանը վերաբերող որոշ դրույթների:
Հանձնաժողովի նիստը կշարունակվի հունվարի 25-ին: