Դիլիջանի ճանապարհին գտնվող սրճարաններից մեկում քաղաքացիները նկատել են Նիկոլ Փաշինյանին ընտանիքի անդամների հետ։ Այսօրվա առցանց ասուլիսի ընթացքում վարչապետին հարց ուղղեցին՝ նրանցից արդյոք պահանջե՞լ են ցույց տալ պատվաստված լինելու հավաստագիր կամ բացասական թեստի պատասխանը։
«Այո, իհարկե պահանջել են, ընդ որում՝ շատ հաճելի էր, որ պահանջել են։ Մեր բջջային հեռախոսների մեջ բոլորս, բացի փոքրերից, ունեցել ենք QR կոդը։ Դա բարդություն չներկայացրեց։ Երբ մտանք սրճարան, այնտեղ մարդիկ կային, բոլորինն էլ ստուգել էին»,- ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ խոսքը հանրային առողջապահության մասին է։
«Պարտավոր ենք միջոցներ ձեռնարկել նաև տնտեսվարողներին պաշտպանելու համար։ Մենք կարող ենք միջոցներ չձեռնարկել, այնքան տարածվի համավարակը, որ ստիպված լինենք գնալ համատարած լոքդաունների։ Դա նշանակում է, որ նույն այդ սրճարանները կարող են 15-20 օր կամ 2 ամիս փակվել։ Մենք սա անում ենք, որ ստիպված չլինենք գնալ այդպիսի որոշումների»,- ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ ինքը նաև խթանիչ դեղաչափով է պատվաստվել։