ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսում պատասխանեց հարցին, թե երկրում գնաճ է, արտագաղթ, նախընտրական խոստումները չեն իրականացել, և այսքան ձախողումներից հետո մտադիր չէ՞ հրաժարական տալ:
«Վարչապետի պաշտոնից հրաժարական տվել եմ երկու անգամ՝ 2018 թվականին, մյուսը՝ 2021 թվականի ապրիլին՝ այդպիսով ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տալով որոշելու այս հարցերն ու այս թնջուկները: Համախառն ներքին արդյունքի հետ կապված հայտարարություններն օդից չենք արել, եղել են հաշվարկներ: 2019 թվականին Հայաստանը Եվրոպական տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական աճ արձանագրած երկիրն էր, սակայն 2020 թվականին եղել է կորոնավիրուսի համավարակ, պատերազմ: Խոսվում է գնաճի մասին, այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում է գնաճ. գնաճն այսօր գլոբալ խնդիր է: Այսօր աշխարհում չկա մի երկիր, որը նախատեսվածից ավելի գնաճ չունի»,- ասաց վարչապետը:
Ինչ վերաբերում է ջրի սակագնին` Փաշինյանն ասաց, թե սոցիալապես անապահով խավի համար ջրի գինը չի փոխվել:
«Մենք տեսել ենք, որ, այո՛, կարող ենք գինը պահել մինչև 2024 թվականը, սակայն հետո այն շատ էականորեն կբարձրանար: Այս կարգավորմամբ ստեղծել ենք մի իրավիճակ, որ երաշխավորել ենք՝ 10 տարի սոցիալապես անապահով խավի համար գինը չի փոխվելու: Մյուսների համար գնի փոփոխությունը չի կարող լինել էական և շոշափելի: Կարծում եմ՝ լավ լուծում է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: