Հայաստանում քովիդով հիվանդացության դեպքերն օրեցօր ավելանում են: Սա կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի հետևանքն է՝ նշում են մասնագետները: Նոր շտամի վարակելիությունը նախորդի համեմատ 5 անգամ մեծ է:
Նարինա Սարգսյանց («Առողջապահության ազգային ինստիտուտ»-ի ինֆեկցիոն հիվանդությունների և համաճարակաբանության ամբիոնի վարիչ) - Ինչ է սպասվում: Կլինի դեպքերի կտրուկ բարձրացում և, չնայած նրան, որ ծանր դեպքերի թիվը չի մեծանում, բայց քանի որ դեպքերի թիվը կլինի շատ մեծ, ծանր, ծայրահեղ ծանր և միջին դեպքերի թիվը կլինի շատ մեծ, ինչը ծանր բեռ է համակարգի համար:
Եվրոպական երկրներում «Օմիկրոնի» տարածվածությունը գնահատվում է 80 տոկոս:
Սամվել Հայրումյան (ՀՀ առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության գծով խորհրդատու) -Վատ կողմն այն է, որ ավելի մեծ վարակելիություն ունի, հետևաբար՝ թվերը շատ կաճեն, նաև երեխաներն են շատ վարակվում, բայց լավն այն է, որ վերին շնչուղիներն են ընդգրկում բորբոքումները, այսինքն՝ թոքաբորբեր հավանաբար ավելի քիչ կունենանք:
Շտամների փոփոխությամբ փոխվել են նաև ախտանշանները: Եթե առաջին ալիքի ժամանակ նկատվում էին ջերմության բարձրացում, հազ, հևոց, մազաթափություն, համի և հոտի կորուստ: «Դելտա» շտամի դեպքում ավելի հիմնականում հիվանդության ծանր ձևերն էին, որոնք ուղեկցվում էին ձայնի խռպոտությամբ, կոկորդի քերոցով, փսխմամբ և այլն:
Նարինա Սարգսյանց - Հինգ հիմնական ախտանիշ է նշվում «Օմիկրոնով» հիվանդացությամբ պայմանավորված: Դրանք են՝ գերարտահայտված թուլություն, ցավեր կոկորդում, հարբուխ, գլխացավ, նաև կոգնիտիվ ֆունկցիաների խանգարում:
ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԿՈԼԵԿՏԻՎ ԻՄՈՒՆԻՏԵՏ ԿԱՌԱՋԱՆԱ. ՄԱՍՆԱԳԵՏ
Շնչառական հիվանդության ախտանշաններով մարդկանց մասնագետները խորհուրդ են տալիս թեստավորվել: Եթե երկրում տարածված սուր շնչառական հիվանդություններին գումարվի նաև «Օմիկրոն» շտամը, հիվանդությունն ավելի ծանր կընթանա:
Սամվել Հայրումյան - էն երկրներում, որտեղ կա պատվաստումների ավելի բարձր տոկոս, «Օմիկրոնն» ավելի թեթև են տանում:
Մեր երկրում ամբողջական պատվաստվածների թիվը մոտ 1 միլիոն է: Այս գործում իրենց դերն ունեցան պատվաստման շրջիկ կետերը, որոնք սկսեցին աշխատել ամառվանից՝ թեթևացնելով առաջին հերթին պոլիկլինիկաների աշխատանքը: Վերջին օրերին դիմելիության կտրուկ աճ է նկատվում:
Անդրանիկ Հարոյան («Առողջապահության ազգային ինստիտուտի» էլեկտրոնային առողջապահության բաժնի մասնագետ) - Ունենք 6 կետ: Հյուսիսայինում, «Ռոսիա» և «Երևան» մոլերում, ԵՊՀ-ում և արդեն նոր բացված՝ հրապարակում: Միջինում 200-250 քաղաքացի է դիմում մեր բոլոր շրջիկ կետերում:
Եթե դիմելիությունն ավելի մեծանա, ապա նոր շրջիկ կետեր կավելանան: Մասնագետները հիշեցնում են՝ կոլեկտիվ իմունիտետ կառաջանա պատվաստումների առնվազն 70-75 տոկոսի դեպքում: Հայրումյանի խոսքով՝ սահմանափակումները նպաստում են, որ մարդիկ պատվաստվեն, բայց շատերն իրենց փորձով են հասկացել դրանց արդյունավետությունն ու տարածվող կեղծիքների աստիճանը:
Նոր սահմանափակումներից դժգոհողներին մասնագետները ներկայացնում են Ֆրանսիայի օրինակն ու նշում՝ այնտեղ QR կոդ չի պահանջվում միայն դեղատներում ու մթերային խանութներում, մնացած բոլոր վայրեր այցելելիս այն պարտադիր է: Լավ լուրն այն է, որ ԱՀԿ-ն, հավանաբար, մոտ օրերս երկու հակավիրուսային պրեպարատ կհաստատի, դրանք կհեշտացնեն քովիդի բուժման ընթացքը: