Սոնա Գրիգորյան («Գրանատուս Վենչուրս» ընկերության ներկայացուցիչ) - Ներդրողներն ասում են՝ լավ ծրագիր չկա, իսկ լավ ծրագիր ունեցողներն ասում են՝ ներդրող չկա: էդ երկուսին իրար հանդիպեցնելու մասին է խնդիրը:
Հայկական բիզնեսները գումարների ներհոսքով հզորացնելու-մեծացնելու գաղափարը Համաշխարհային բանկինն է։ Կառույցի անդամ Միջազգային ֆինանսական կոորպորացիային՝ Ճապոնիայի կառավարության հետ Հայաստանում նոր ծրագիր է սկսում․ «Ներդրումային պատրաստվածություն կանանց կողմից հիմնադրված ընկերությունների համար» նախագիծն իրականացնելու են՝ Գրանատուս Վենչուրսն և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը։
Բելլա Հարությունյան (EIF Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ծրագրի ղեկավար) - Ծրագիրը կին ձեռնարկատերերի թիմերի համար է, որոնց հիմնադիրը կին է, կամ բաժնետերերի մեծ մասն է կնոջը, կամ գործադիր տնօրենն է կին: Ոլորտային սահմանափակում այս պահին չկա:
Արդեն դիմած ընկերությունների շարքում կան և՛ IT-ի, և՛ թղթի վերամշակման էկո-արտադրության, նորաձևության-տեքստիլի, նաև՝ շատ այլ ոլորտների մեծ ու փոքր ձեռնարկություններ։ Հայտատուներին բաժանելու են երկու խմբի․ այսպես ասած՝ ավելի հասուն, էքսպանսիոն ստրատեգիա ունեցող բիզնեսներով զբաղվելու են տեխնոլոգիական 17 start-up-ի ոտքի կանգնեցրած «Գրանատուս Վենչուրսի» փորձագետները։ Ներդրողի հետ ինչպե՞ս ճիշտ խոսել-համոզել, շուկայի հետազոտության ու ակնկալվող եկամտի ի՞նչ վերլուծություն ներկայացնել, որ գումար տան: Այդ ամենը ոչ միայն կսովորեցնեն, այլև մենթորի հետ միասին անհատական պրակտիկ աշխատանք կանեն հնարավոր դոնորների հետ։ Ուղիղ ներդրում՝ այս ծրագիրը չունի։
Սոնա Գրիգորյան - Իհարկե, եթե կլինեն հարմար «Գրանտուսի» ստրատեգիային, կդիտարկվի նաև էդ տարբերակը, բայց նպատակը ոչ թե դա է, որ «Գրանատուսն» ինքը ներդրում անի, այլ օգնենք կին ձեռնարկատերերին, որոնք կլինեն տարբեր ոլորտի ներկայացուցիչներ գտնել ներդրողներ տարբեր ներդրումային գործիքի տեսքով՝ կարող է պարտքային, կապիտալ գործիքների տեսքով, նույնիսկ դրամաշնորհային ծրագրերի մասնակցություն:
Կին-գործարարների այն ընկերությունները, որոնք նորաստեղծ են, ընդլայնվել ոզում են, բայց հստակ բիզնես-պլան դեռ չունեն, կդառնան ,Ձեռնարկությունների ինկուբատորի» սաները։ Երևանի դեպքում` Ինժեներական քաղաքում, մարզերից՝ Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում: Նրանց համար տետ-ա-տետ և on-line թրեյնինգներ կանցկացնեն. ապրանքն ինչպես բրենդավորել-սպառողին ներկայացնել, ինչ ծախս օպտիմալացնել, կամ ինչ նորարար լուծում կիրառել։ Այնպես, որ պատրաստ լինեն ներդրողների հետ հանդիպման փուլին։
Բելլա Հարությունյան - Ամբողջական աշխատելու ենք 100 թիմերի հետ, որը փուլային է լինելու, և վերջնարդյունքում ակնկալում ենք, որ 10 կազմակերպություն կստանա ներդրումներ:
Ներդրող ներգրավելու, մինչ այդ էլ՝ գործարար-ժամադրության նախապատրաստվելու համար բիզնես-վումընները պետք է շտապեն։
Ծրագրին դիմելու վերջնաժամկետը հունվարի 31-ն է։