ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրապարակած
զեկույցին, որը վերաբերում էր հոգեբուժարաններում մարդու իրավունքների խախտումներին:
Նախարարն ափսոսանք է հայտնել, որ այդ ոլորտում իրականացված վերջին երեք տարիների ահռելի աշխատանքը գրեթե չի արծարծվել զեկույցում։
«Առաջիկայում հանգամանալից կանդրադառնանք զեկույցում տեղ գտած բոլոր հանգամանքներին և համապարփակ կներկայացնենք իրականացված աշխատանքները։
Այժմ մի քանի կետ այն մասին թե ինչ է փոխվել 2018-ից հետո:
Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին օրենքը և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերը ամբողոջովին վերափոխվել են և արժանացել են նաև ՄԻՊ բարձր գնահատականին։
Առաջին անգամ Հոգեկան առողջության ազգային կենտրոնը ընդգրկվել է կապիտալ ծախսերի ծրագրում, և պետությունը գումարներ է հատկացրել ամբողջական վերակառուցման համար։ Աշխատանքները մեկնարկել են 2021 թ.։ Մինչ այդ մի շարք վերանորոգման և կահավորման աշխատանքներ են արվել՝ պացիենտներին ապահովելու հնարավորինս պատշաճ կենցաղային պայմաններով՝ նոր զուգարաններ, լոգասենյակներ, մահճակալներ, սպասք, սպիտակեղեն և այլն։
Ամբողջապես վերանայվել է սննդակարգը և ապհովվում է ըստ նորմատիվների։
Սևանի հոգեկան առողջության կենտրոնում, ուր տարիներ ի վեր մարդիկ անգամ անձնագիր հանելու հետ կապված խնդիրներ են ունեցել, լրջագույն փոփոխություններ են տեղի ունեցել թե՛ դեղորայքի տրամադրման, թե՛ սննդակարգի փոփոխության, սպիտակեղենի, հագուստի, հանգստի ռեժիմի, հոգեբանական նոր ծառայության ներդրման, ջերմոցի կառուցման և այլ մասերով։ Առաջիկայում կվերանորոգվի խոհանոցը։
Երկար տարիներ պացիենտները չեն ունեցել հնարավորություն օգտվել գործիքային և լաբորատոր հետազոտություններից, ատամնաբուժական ծառայություններից և այլ բժշկակական միջամտություններից, որոնք հասանելի են այսօր։
Փոփոխվել են զսպման միջոցների կիրառման միջոցները և իրավական կարգավորումները։
Կանոնակարգվել է ոչ հոժարակամ բուժման մեխանիզմները և դրանց վերահսկման միջոցները։
Կանոնակարգվել է պացիենտների կենսաթոշակների ստացման հարցերը։
Ի վերջո, Հայաստանում բացվել է ամբողջովին վերանորոգված, հագեցված և մասնագիտական ներուժով համալրված մանկական հոգեբուժական ստացիոնար բաժանմունք «Ավան» հոգեկան առողջության տանը։
Արդյոք հոգեկան առողջության առումով դեռ խնդիրներ և մարտահրավերներ կան, իհարկե, այո, և մենք քայլ առ քայլ լուծելու ենք դրանք, բայց այս ոլորտում երեք տարիների ընթացքում շատ բան է փոխվել, և դա պատշաճ չարձանագրել և ասել՝ «2018-ից հետո նույն իրավիճակն է», մեղմ ասած, ազնիվ չէ»,- գրել է նախարարը: