Մենք երջանիկ չենք, որ Արցախը, Արցախի նախկին ղեկավարների ձեռամբ, որոնք հետագայում դարձան Հայաստանի ղեկավար, դուրս մղվեց բանակցային գործընթացից։ Անդրադառնալով բանակցային գործընթացում Արցախի կարգավիճակի հարցին՝ ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք դա համարում ենք բանակցային գործընթացի համար աղետաբեր, բայց այսօր փաստը կա այդպիսի, որ դա է իրավիճակը: Իհարկե, ՀՀ-ն պարզ է, որ իր այսօրվա բանակցային կարգավիճակով ունի առաջնային պատասխանատվություն այդ հարցում. ո՞վ է դա երբևէ կասկածի տակ դրել»,- ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլյան պատերազմից գաղտնիքներ է բացահայտելու, որոնք կհերքեն Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, վարչապետն ասաց, թե այն ամբողջ ինֆորմացիային, որին կարող է տիրապետել Սերժ Սարգսյանը, այդ ինֆորմացիային տիրապետում է նաև ինքը. այդ ինֆորմացիան 2018 թվականից դրված է իր սեղանին:
«Ես բացառում եմ, որ կարող է լինել օբյեկտիվորեն գոյություն ունեցող մի փաստ, որին ես այսօր չեմ տիրապետում կամ 2018 թվականին չեմ տիրապետել: Թող հրապարակեն, ո՞վ է արգելում. կներեք, տարուց ավելի է՝ փաստեր են հրապարակում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: