ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ընթացքում հարց հնչեց՝ արդյոք իրականացվո՞ւմ են հետազոտություններ, թե Թուրքիայի հետ առևտրաշրջանառության ակտիվացումը ինչ ազդեցություն կունենա Հայաստանի գյուղատնտեսության և գյուղացիական տնտեսությունների վրա, արդյոք թուրքական գյուղատնտեսական արտադրանքը ավելի մրցակցային չէ՞ և հայաստանյան շուկայից դուրս չի՞ մղի հայկական արտադրանքը։
«Շատ հետաքրքիր թեմա է, երբ Հայաստանի նման երկրներում քննարկում են ներսի շուկան տեղի արտադրողի համար պահպանելու և պաշտպանելու խնդիրը։ Ուրիշ բան, եթե Հայաստանը լիներ 500 միլիոն բնակչություն ունեցող երկիր, որտեղ շուկայի ներքին պահանջարկը կարող էր տնտեսությանը շատ մեծ լիցք տալ։ Հայաստանի նման երկրները արտահանմանը միտված քաղաքականություն պետք է ունենան, որովհետև եթե ուզում ենք լուրջ տնտեսություն ունենալ, մենք ներքին շուկային հենվելով՝ չենք կարող տնտեսությունը այդ աստիճանի լրջացնել։ Մեզ պետք են արտահանման շուկաներ։ Իսկ եթե պոտենցիալ արտահանման շուկաները փակեն, դրանից Հայաստանը չի օգտվի։
Մենք այսօր խոսում ենք, որ Հայաստանը խնդիր ունի պղնձաձուլարան կառուցելու։ Պղնձաձուլարան կառուցելու համար ինչպիսի՞ նշանակություն ունեն ճանապարհները, կոմունիկացիաները։ Մենք ուզում ենք Հայաստանում գործարաններ ստեղծենք, երկաթուղու և սահմանի բացումը ինչքանով կմեծացնի Հայաստանի ներդրումային գրավչությունը։
Մենք երկաթուղային կապ ենք ստանալու Եվրոպայի հետ, իսկ որևէ մեկը հաշվե՞լ է, թե երբ այդ կապով հայկական արտադրանքը փորձենք արտահանել Եվրոպա, դա ինքնարժեքի վրա ինչ պոզիտիվ ազդեցություն կունենա։ Միանշանակ է, դա կունենա պոզիտիվ ազդեցություն»,- ասաց Փաշինյանը։