Լրագրողների և ՀԿ-ների համար կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռին։
«Իրականում «Մարտի 1»-ի գործով այդ արձանագրումները Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արել է նաև իմ գործից առաջ Մուշեղ Սաղաթելյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Արամ Բարեղամյանի գործերով։ Երբ Արամ Բարեղամյանի և մյուսների գործով ՄԻԵԴ-ի որոշումները եղան, այդ ժամանակ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք տարավ, ինչը հիմք հանդիսացավ «Մարտի 1»-ի գործով դատապարտված նշված անձանց արդարացնելու համար»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այն ժամանակվա իշխանությունը՝ այսօրվա ընդդիմությունը, իրեն մեղադրում է «Մարտի 1»-ի գործով բռնություններ հրահրելու մեջ, նաև սպանությունների պատասխանատվությունն իրեն էր վերագրվում:
«Շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ ՄԻԵԴ-ը այդ բոլոր կետերին հստակ անդրադարձել է՝ արձանագրելով, որ բոլոր այն ելույթները, որ ես ունեցել եմ, տեղավորվում են քաղաքական պայքարի և քաղաքական կյանքի տրամաբանության մեջ, և նախկին կառավարությունը որևէ ձևով չի ապացուցել, հիմնավորել, որ իմ գործողությունների մեջ եղել են ապօրինի դրսևորումներ։ «Մարտի 1»-ի գործով, այո, որոշումներ, կարծում եմ, էլի կլինեն, իրավական հետևանքներ արդեն կան, որովհետև Գագիկ Ջհանգիրյանը, Մուշեղ Սաղաթելյանն արդեն իսկ արդարացվել են»,- ասաց նա։
Վարչապետն ընդգծեց, որ այն բոլոր քաղաքական շահարկումներին, որ եղել են և՛ իր վարչապետ դառնալուց առաջ, և՛ հետո, ՄԻԵԴ-ն անդրադարձել է՝ ըստ էության արձանագրելով, որ իր նկատմամբ հետապնդումները եղել են քաղաքական, որ ինքը եղել է քաղաքական բանտարկյալ։
«Այն մեղադրանքները, որոնք մեղսագրված են եղել ինձ, այդ մեղադրանքները հիմնավորված, ապացուցված չեն եղել, բավարար չափով հիմնավորված չեն եղել, իսկ սա նշանակում է, որ այդ մեղադրանքներն անհիմն են»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել էր «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: