Ես ուզում եմ, որ այն, ինչ ասում եմ այստեղ և ասում եմ բանակցային սեղանի շուրջ, իրարից չտարբերվեն։ ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ կարևոր է խնդրի կարգավորումն ինքնորոշման իրավունքի հիման վրա։
«Բայց մենք պետք է ասենք, որ այդ նույն մադրիդյան սկզբունքների շրջանակում տարածքային ամբողջականության սկզբունք էլ կա։ Ի վերջո, մենք պետք է հասկանանք՝ մեր դիվանագիտությունը շուտասելուկի վրա ենք հենում, թե ոչ շուտասելուկի վրա»,- ասաց նա՝ նշելով, որ իրավիճակն անհրաժեշտ է ճիշտ ախտորոշել։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ կշահի Արցախը տարածաշրջանային կոմունիկացիաների բացման արդյունքում, ապա վարչապետը նշեց՝ Արցախը շահելու է անվտանգություն և բարեկեցության իր բաժինը։
«Շատ պարզ և ակնհայտ բան է»,- ասաց վարչապետը։