Իրանը բացառում է ամերիկացի բանտարկյալների ազատ արձակումը որպես միջուկային բանակցությունների նախապայման, սակայն հավանական է համարում նրանց փոխանակման հարցում համաձայնության գալը:
Թեհրանը չի ընդունում 2015 թվականի միջուկային համաձայնագիրը վերականգնելու համար ԱՄՆ-ի ներկայացրած ցանկացած նախապայման, ներառյալ Իսլամական Հանրապետությունում պահվող ամերիկացի բանտարկյալների ազատ արձակումը:
ԱՄՆ-ի գլխավոր բանակցողը կիրակի Reuters-ին ասել է, որ Վաշինգտոնը դժվար թե Իրանի հետ համաձայնություն ձեռք բերի միջուկային համաձայնագիրը վերականգնելու հարցում, քանի դեռ Թեհրանն ազատ չի արձակել ամերիկացի չորս քաղաքացու, որոնց, ըստ Վաշինգտոնի, Իրանում պատանդ են պահում:
Ի պատասխան իրանական IRNA պետական գործակալությունը հայտնել է, որ ամերիկյան կողմի նման հայտարարությունները միայն բարդացնում են համաձայնության հասնելը։ Հոդվածում նշվում է, որ Վաշինգտոնը մի կողմից խոսում է բանակցային գործընթացն արագացնելու անհրաժեշտության մասին, մյուս կողմից առաջ է քաշում պայմաններ, որոնք իրականում սաբոտաժ են անում երկխոսությունը։
Իրանական կողմը չի բացառում ԱՄՆ-ի հետ գերիների փոխանակման շուրջ համաձայնության գալը, սակայն այդ հարցը պետք է քննարկվի միջուկային գործարքից առանձին։ Այս մասին երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։