ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արսեն Թորոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին։
«Ինձ համար տարօրինակ են բերված փաստարկները նախագահի սահմանադրական լիազորությունների մասով։ Հանրապետւթյան նախագահը փոփոխված Սահմանադրությամբ լրիվ ուրիշ կարգավիճակով պետական պաշտոնյա է. կարծում եմ՝ դա հայտնի էր թե՛ նախագահ ընտրվելիս, թե՛ վերջին 4 տարիներին։ Շատ տարօրինակ է, երբ դա մեջբերվում է որպես փոփոխություններ անելու խոչընդոտ։
Խորհրդարանական կառավարմամբ շատ երկրներում նախագահները կա՛մ արարողակարգային, կա՛մ ճգնաժամային իրավիճակներում բալանս պահելու ֆունկցիա ունեն, ոչ ավելին»,- ասաց Թորոսյանը։
Նրա խոսքով՝ նույնը վերաբերում է նաև արտաքին քաղաքականությանը։
«Բայց ես, իհարկե, հարգում եմ Արմեն Սարգսյանի որոշումը»,- ընդգծեց նա։