Իշխանությունը բացառում է, որ հանրապետության նախագահի վրա կարող էին ճնշումներ լինել: Կառավարություն-նախագահ ինստիտուտների միջև այս շրջանում որևէ փոխհրաձգություն չկար՝ խորհրդարանում հայտարարեց ՔՊ-ից Արսեն Թորոսյանը՝ շեշտելով՝ Արմեն Սարգսյանի որոշումը հարգում են, ընդունել են ի գիտություն, վերլուծություններ կանեն, բայց հրաժարականի տեքստում գրված բոլոր թեզերի հետ չէ, որ համաձայն են: Իշխող ուժի վարչության անդամի համար տարօրինակ են հատկապես Սարգսյանի այն փաստարկները, որոնք վերաբերում են նախագահի սահմանադրական լիազորություններին:
Արսեն Թորոսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Հանրապետւթյան նախագահը փոփոխված Սահմանադրությամբ լրիվ ուրիշ կարգավիճակով պետական պաշտոնյա է. կարծում եմ՝ դա հայտնի էր թե՛ նախագահ ընտրվելիս, թե՛ վերջին 4 տարիներին։ Շատ տարօրինակ է, երբ դա մեջբերվում է որպես փոփոխություններ անելու խոչընդոտ։
2018-ի ապրիլից նախագահի պաշտոնը զբաղեցնող Սարգսյանը իր հրաժարականի տեքստում գրել է՝ ապրում ենք մի իրականության մեջ, երբ նախագահը չի կարող ազդել պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա: Նախագահը չի կարող վետո կիրառել այն օրենքների վրա, որոնք համարում է պետության և ժողովրդի համար ոչ նպատակահարմար: Առանց անուններ տալու՝ երրորդ հանրապետության 4-րդ նախագահը խոսել էր նաև իր ու իր ընտանիքին թիրախավորելուց: Այն որ նախագահական ինստիտուտը վերջին 4 տարիներին ճգնաժամային իրավիճակներ ունեցել է, ՔՊ-ից չեն հերքում՝ հիշեցնում են՝ պատերազմից հետո գլխավոր շտաբի պետին աշխատանքից ազատելու դիմումը չստորագրելն ու բարձր դատարան դիմելու՝ Սարգսյանի որոշումը:
Անդրանիկ Քոչարյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Նրա՝ նախագահ եղած ժամանակահատվածում մեր երկիրն ունեցավ նաև խոր ճգնաժամեր. հիշում եք հետպատերազմյան ժամանակահատվածը, նաև պատերազմից հետո ստեղծված իրավիճակը։ Այն որոշումները, որ արագ պետք է կայացվեին ԶՈՒ կադրային տեղաշարժի և փոփոխությունների առումով, այդտեղ ունեցել ենք ռիսկային պահեր, դրանք հաղթահարվել են մեր ժողովրդի և իշխանությունների ճիշտ, հավասարակշռված գործողությունների շնորհիվ:
Քառամյա գործունեության ընթացքում նախագահը չի կատարել իր պարտականություններն ու, հանդիսանալով պետության գլուխը, չի ձևավորել զսպող մեխանիզմներ, որ երկրում լուրջ թերացումներ չլինեին: Սա էլ խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավարի գնահատականն է: Սեյրան Օհանյանը որպես ասածի հիմնավորում՝ պաշտպանական ոլորտն է մատնանշում ու կադրային քաղաքականության հարցերը:
Սարգսյանի հրաժարականի պատճառներն անտրամաբանական է բնորոշում «Պատիվ ունեմ»-ի քարտուղարը: Հայկ Մամիջանյանը տարակուսում է՝ մայր օրենքով նախագահական ինստիտուտին տրված լիազորությունները Սարգսյանը պետք է որ կարդացած լիներ, երբ երդվում էր ձեռքը Սահմանադրությանը դրած:
Հայկ Մամիջանյան (ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար) - Նախագահ Սարգսյանի համար նորություն չէ կրավորական կեցվածք ունենալ երկրում տեղի ունեցող կարևոր գործընթացների հանդեպ: Երբ այս դահլիճում բռնաբարվում էր Սահմանադրությունը, նա հրաժարական չտվեց՝ որպես Սահմանադրության երաշխավոր, հայրենիքի փրկության ժամանակ, երբ պահաջում էին Փաշինյանի հրաժարականը, բավական փոփոխական կեցվածքով էր հանդես գալիս օրենքների ստորագրման ու մեկնաբանման տեսանկյունից:
ԱԺ-ն երեկ արդեն ստացել է Արմեն Սարգսյանի հրաժականի դիմումը: Երբ օրենքով սահմանված կարգով նրա լիազորությունները դադարեն, դրանք, մինչև նոր նախագահ ունենալը, կկատարի խորհրդարանի ղեկավարը: Ալեն Սիմոնյանն այսօր հրաժարվեց մեկնաբանություններից: Կառավարող քաղաքական թիմից, ի դեպ, նա վերջինն էր, որ հունվարի 13-ին հանդիպել էր Սարգսյանի հետ:
Ինչ վերաբերում է նոր նախագահ ընտրելուն ու թեկնածուներին, ապա այստեղ խորհրդարանական ուժերը դեռ որևէ որոշում չունեն: ՔՊ-ից նշեցին՝ երբ կլինեն առաջադրումներ, կհրապարկվեն թեկնածուների անունները: Այս հարցով քննարկում չի եղել նաև «Պատիվ ունեմ»-ում: Իսկ «Հայաստան» դաշինքը պատրաստվում է իր խոսքն ասել նոր ընտրությունում. Սեյրան Օհանյանը հաստատեց: