Սահմանադրության 142-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահը հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով:
Հրաժարականը համարվում է ընդունված օրենքով սահմանված կարգով այն հրապարակելու պահից: Սահմանադրության 126-րդ հոդվածի պահանջով՝ նախագահի արտահերթ ընտրությունն Ազգային ժողովում կանցկացվի պաշտոնը թափուր մնալուց 25-35 օր անց: 127-րդ հոդվածով էլ ամրագրված է, որ արտահերթ ընտրության միջոցով ընտրված Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է ընտրվելուց հետո՝ տասներորդ օրը: Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք, ըստ հիմնական օրենքի 125 հոդվածի 3-րդ կետի, ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը:
Իսկ նույն հոդվածի 4-րդ կետի պահանջով՝ Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները:
Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը: Եթե Հանրապետության նախագահ դարձյալ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուն:
Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Սահմանադրության 124-րդ հոդվածով էլ ամրագրված է, որ Հանրապետության նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով:
Նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
Հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ: Մայր օրենքի 144-րդ հոդվածի համաձայն՝ մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը: