ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու բացման հարցին։
«Գիտեք, որ իմ որոշմամբ արդեն աշխատանքային խումբ է ստեղծվել, և այդ հատվածները, որոնք մենք պետք է կառուցենք, առնվազն տասնյակ անգամ ավելի էժան են, քան Հայաստան-Իրան երկաթուղին: Նախնական գնահատականով՝ 200 մլն դոլար և 5 մլն դոլար ներդրման մասին է, և Հայաստանի համար շատ ծանր և մեծ բեռ չէ, և այս պարագայում շատ միջազգային դոնորներ շատ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում, և շատ հնարավոր է՝ լինեն այնպիսի կոմբինացիաներ, որ Հայաստանի բյուջեից փող ներդնելու անհրաժեշտություն չլինի։ Դեռ պետք է հասկանանք, թե ինչ է մտածում այդ մասին «Հարավկովկասյան երկաթուղին»։ Կան նաև միջազգային եվրոպական ընկերություններ, որոնք հետաքրքրված են և պատրաստ են գալ, ներդրումներ անել և շահագործել»,- ասաց Փաշինյանը։
«Եթե, ենթադրենք, տեսական, Հայաստան-Իրան երկաթուղին Հայաստանն ու Իրանն էր իրար հետ կապելու, ապա այս սցենարով երկաթուղին Հայաստանը կապում է Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հետ։ Եթե ընդհանրապես մեզ հաջողվի հասնել տարածաշրջանային կոմունիկացիաների, այդ թվում՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը, սա նշանակում է, որ Հայաստանը Եվրոպայի, Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի հետ ստանում է երկաթուղային կապ՝ սրանից բխող բոլոր տնտեսական հետևանքներով: Մենք «խաղաղության օրակարգ» ասելով սա նկատի ունենք»,- նշեց վարչապետը՝ մանրամասնելով, որ այդ ճանապարհները երբ բացվեն, հսկայական տրանզիտային հոսքեր են բերելու՝ Պարսից ծոցից դեպի Սև ծով, Եվրոպայից, Թուրքիայից, Միջին Արևելքից դեպի Ռուսաստան:
«Այստեղ է, որ Հայաստանը, ու նաև Ադրբեջանը տրանզիտային հսկայական եկամուտներ են ստանալու, և կարելի է ասել՝ այս ընդհանուր նախագիծն է, որ խաղաղության օրակարգի հիմք կարող է դնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։