ԲՐԱԶԻԼԻԱ
ՌԻՈՅԻ ՍԱՄԲԱՅԻ ԴՊՐՈՑԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ Է ՓՈՐՁԵՐԸ
Մոսիդադե սամբայի դպրոցի անդամները վերսկսել են Ռիո Դե Ժանեյրոյում ավանդական կառնավալային շքերթի փորձերը, չնայած Բրազիլիայում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կտրուկ աճ է նկատվում:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ` Ռիոյի իշխանությունները դեռ քննարկում են փետրվարի 25-ին նախատեսված զանգվածային միջոցառումները արտոնելու հարցը:
Հունվարի սկզբին Ռիոյի քաղաքապետ Էդուարդո Պաեսը հայտարարել էր, որ քաղաքը կդադարեցնի փողոցայի շքերթներն ու երեկույթներն աշխարհահռչակ կառնավալի ժամանակ: Եվ չնայած դրան, ասել էր, որ Ռիոյի սամբայի դպրոցների շքերթը, որը մարդիկ կարող են դիտել հեռվից, կկայանա հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ:
Լուիզ Կլաուդիո Ռիբեյրո (սամբայի դպորցի փոխնախագահ) - Բոլորը գիտեն, որ մենք հեշտ ժամանակներ չենք ապրում, սակայն վստահ եմ, որ մեր քաղաքապետը և նահանգապետն առողջապահական իրենց բարձրակարգ թիմով կանեն հնարավորը, որպեսզի ամեն ինչ ապահով լինի:
Ռիո Դե Ժանեյրոյի Սամբայի դպրոցների անկախ լիգան կանխատեսում է, որ մոտ 75 հազար մարդ կդիտի ամենամյա կառնավալը:
ԿԱՆԱԴԱ
ՀՈԿԵՅԻ ԻՆՔՆԱՇԵՆ ՍԱՀԱԴԱՇՏ
Կանադայում օրեր շարունակ տևած սառնամանիքի հետևանքով մասամբ խաթարվել է բնականոն կյանքը, և զգալիորեն բարձրացել է բնական գազի գինը: Սակայն պարզվում է, որ ցրտաշունչ ձմեռը կարող է տխրեցնել ոչ բոլոր կանադացիներին:
Օրինակ՝ Վինիպեգում ապրող մի ընտանիք իրենց տան դիմաց, հենց փողոցում հոկեյի սահադաշտ է պատրաստել: Հոկեյի աշխարհի մյուս բոլոր սահադաշտերի հետ համեմատած այս մեկն առանձնահատկություն ունի, խոսքը մոտակայքում եղած ծառերի առկայության մասին է:
Դուգ Հեմերլինգ (հոկեյի սահադաշտի ստեղծողը) - Ինչպես տեսնում եք, ես մի քանի օգնական ունեմ: Սկզբում մենք և մեր դրկից հարևանը որոշեցինք սահադաշտ կառուցել, հետո միացավ նաև երրորդ հարևանը: Մի քիչ փոստատարի գործն է բարդացել, ստիպված է շրջանցել սահադաշտը: Կարծում եմ, որ այս սահադաշտը անչափ արդյունավետ է հատկապես հետքովիդյան դեպրեսիան հաղթահարելու գործում: Նաև երեխաների համար է շատ օգտակար. քաջալերում ենք, որ ավելի շատ այստեղ խաղան, քան նստեն տանը՝ տարբեր գաջեթների էկրանների առջև:
Ջերմաստիճանն այնքան ցածր է, որ Տորոնտոյի մերձակայքում գտնվող Օնտարիո լճի որոշ հատվածներ հանգստյան օրերին սառել են: Անբարենպաստ եղանակը պատուհասել է Կանադան ճիշտ այն ժամանակ, երբ դպրոցները պետք է վերաբացվեին «Օմիկրոնի» պատճառով երկարաձգված ձմեռային արձակուրդից հետո:
ԵԳԻՊՏՈՍ
ՈՐՄՆԱՆԿԱՐԻՉ ՔՈՒՅՐԵՐԸ ԶԱՐԴԱՐՈՒՄ ԵՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ
Եգիպտոսի հարավային Սոգահ նահանգում ապրող քույրերն իրենց տաղանդն օգտագործում են, որպեսզի ղպտիական արվեստի բարդ որմնանկարներով զարդարեն իրենց հայրենի Ազազ գյուղի եկեղեցիները: Նկարում են առաստաղներին, պատերին, փայտե սրբապատկերներ են պատրաստում:
25-ամյա Սառա Քամել Զեկրին կերպարվեստի բաժինն է ավարտել: Ուսումնառության ժամանակ սկսել է հրապուրվել ղպտիական արվեստով: Իր նոր նախասիրությունը փոխանցել է նաև 23-ամյա քրոջը` Քրիստինին: Եվ այժմ երկու քույրերն իրենց ներկերով ու վրձիններով շրջում են Ազազ գյուղի եկեղեցիներով:
Սառան դիզայների՝ իր նախկին աշխատանքը թողել է և մեկուկես տարի առաջ սկսել այս նախագիծը: Նրա խոսքով՝ ինչ սկսել է զբաղվել եկեղեցիներում որմնանկարներ անելով, ավելի լավ է հասկանում Աստվածաշունչը:
Մեկ որմնանկարն ավարտին հասցնելու համար քույրերից միջինը 12 ժամ է պահանջվում, իհարկե փոքրիկ ընդմիջումներ են անում:
Սառա Քամել Զեկրի (նկարչուհի) - Ութից տասներկու ժամ այսպես կանգնելն ու նկարելը բարդ գործ է: Սակայն երբ ինչ-որ գործ սիրում ես և երբ շարունակում ես կատարելագործվել, երբեք չես ձանձրանում:
Եկեղեցիներում սովորաբար պրոֆեսիոնալ և կայացած նկարիչներն են որմնանկարներ անում: Սառան ասում է, որ Վերին Եգիպտոսում ինքն ու քույրն իգական սեռի առաջին նկարչուհիներն են, որ նման գործ են հանձն առել:
ԵԳԻՊՏՈՍ
ՇԱՐԺԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՐԱՆՆԵՐ` ԿԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Կահիրեում ապրող կատուներն այլևս չեն մրսի ձմռան ամիսներին: Համենայն դեպս, այն կատուները, որոնք կօգտվեն այս ինքնաշեն շարժական ապաստարաններից: Դրանք պատրաստված են հին և վերափոխված անվադողերից:
Նկարիչ Իբրահիմ Աբուջենդին, որը զբաղվում է շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով, որոշել է պատրաստել կատուների համար նախատեսված այն կացարանների նախատիպերը, որոնք մոտ ժամանակներս կտարածվեն Կահիրեի բանուկ փողոցներում: Վերջին շրջանում եղանակային պայմանների փոփոխությամբ պայմանավորված՝ Եգիպտոսի մայրաքաղաքում ձմեռները բավականին ցուրտ են լինում:
Իբրահիմ Աբուջենդի (նկարիչ) - Կատուները փողոցում շատ բարդ պայմաններում են ապրում: Եգիպտոսում կլիմայի փոփոխության պատճառով ձյան առատ տեղումներ են: Տեսել ենք, թե Հուրգադայում և Ալեքսանդրիայում ինչ ձյուն է տեղացել: Որոշել ենք նախապես հոգ տանել թափառող կենդանիների մասին և ապաստարաններ պատրաստել նրանց համար:
Շարժական ապաստարանները նախատեսված են քաղաքային միջավայրում տեղավորելու համար, պատրաստված են մեքենաների անվադողերից, որոնք ջերմամեկուսացված են: Այս ժամանակավոր կացարանները պատրաստելու համար նաև վերամշակված նյութեր, օրինակ` փայտ է օգտագործված:
ԻՍՊԱՆԻԱ
ՆԺՈՒՅԳՆԵՐԸ ՑԱՏԿՈՒՄ ԵՆ ԽԱՐՈՒՅԿԻ ՎՐԱՅՈՎ
Իսպանիայում անցկացվել է «Լաս Լումինարիաս» կոչվող փառատոնը, որի ընթացքում մոտ 100 նժույգ է ցատկել խարույկի վրայով` մասնակցելով մաքրման արարողությանը: Անցյալ տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով այս միջոցառումը չէր անցկացվել:
Ավանդական գիշերային այս տոնակատարությունն անցկացվել է Սան Բարտոլոմե դե Պինարեսում՝ Իսպանիայի կենդանիների հովանավոր Սուրբ Անտոնիոսի օրվա նախօրեին:
Միջոցառման մասնակիցները նժույգներով շրջել են գլաքարով սալարկված նեղլիկ փողոցներով, որոնք ավանդույթի համաձայն, մաքրում են կենդանիներին գալիք տարվա խարույկի ծխով ու բոցով:
Այնուհետև նժույգների` կրակի վրայից թռչելուց մեկ ժամ անց սկսվում է խրախճանքը, որի ընթացքում մարդիկ պարում են և խմում:
Ֆերմին Աբադ (Սան Բարտոլոմե Դե Պինարեսի բնակիչ) - Այս ավանդույթը հազարամյակների պատմություն ունի: Որպեսզի կենդանիները չհիվանդանան, ծեր քահանաները նրանց օրհնում էին կրակով: Կենդանիները ցատկում էին կրակի վրայով ու մաքրվում:
Թեև այս տարիների ընթացքում կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերի կողմից բազմիցս քննադատության են ենթարկվել, միջոցառման կազմակերպիչները վստահեցրել են, որ նժույգները չեն տուժել այն բանից, որ հեծյալները, որպես նախազգուշական միջոց, կտրել են նժույգների բաշը՝ այրվածքներից խուսափելու նպատակով:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
ԱՐՔԱՅԱԶՆ ՀԱՐՐԻՆ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՈՒԶՈՒՄ
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին վիճարկում է կառավարության որոշումը, որ ինքը բրիտանական հողում գտնվելիս չպետք է ստանա ոստիկանական պաշտպանություն, նույնիսկ եթե ինքն է հոգում ծախսերը: Այս մասին հայտնել են նրա պաշտոնական ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ Եղիսաբեթ թագուհու թոռը` Հարրին, և իր ամերիկուհի կինը՝ Մեգանը, թողել են թագավորական պարտականությունները 2020 թվականին՝ Լոս Անջելեսում նոր կարիերա ստեղծելու նպատակով։ Դրանից հետո ամուսիններն ապավինել են մասնավոր անվտանգության ծառայությանը:
Սակայն Հարրիի պաշտոնական ներկայացուցիչները նշել են, որ դրանք չեն ապահովում արքայազնի պաշտպանության այն մակարդակը, որն անհրաժեշտ է Մեծ Բրիտանիա այցելելիս:
«Նման պաշտպանության բացակայության դեպքում արքայազն Հարրին և իր ընտանիքը չեն կարողանում վերադառնալ իրենց տուն»,- նշված է հայտարարության մեջ։ Որպես ասվածի ապացույց՝ բերվել է անցյալ տարվա հուլիսի դեպքը, երբ Հարրին մասնակցել է բարեգործական մի միջոցառման, որտեղից հեռանալիս նրան վտանգ է սպառնացել` ոստիկանական պաշտպանության բացակայության պատճառով:
Արքայազնի փաստաբաններն ասել են, որ կառավարությունը նախկինում մերժել է ոստիկանության պաշտպանության համար վճարելու երկու առաջարկ։
ՉԻՆԱՍՏԱՆ
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԹԱԼԻՍՄԱՆԸ` ՓՈՐԱԳՐՎԱԾ ՆԱՐՆՋԻ ՎՐԱ
Մինչ Պեկինը պատրաստվում է հյուրընկալել ձմեռային Օլիմպիական խաղերը, կամավոր Դու Չժաոկին հույս ունի ցուցադրել չինական ավանդական փորագրությունն ամբողջ աշխարհի այցելուներին. նա հասարակ նարինջը վերածում է արվեստի գործի:
Այսպես կոչված «սննդի քանդակագործությունը» հարյուրամյակներ չինական մշակույթի մասն է եղել: Հաճախ մրգի կամ բանջարեղենի կտորներն օգտագործվում են ծաղիկներ կամ թռչուններ պատրաստելու համար:
Դու Չժաոկի (Ձմեռային օլիմպիական խաղերի կամավոր) - Ես ազատ ժամանակ նարնջի վրա փորագրություններ եմ անում, որպեսզի դրանք ցուցադրենք մեր տեղեկատվական սեղանիկների վրա: Փորագրված նարինջները կարող են ավելի հաճելի և ընկերական շփում ապահովել մեր այցելուների հետ: Հուսով եմ, որ դրանք կգրավեն մեր հյուրերի ուշադրությունը: Բացի այդ, այս կերպ կարող ենք ներկայացնել մեր չինական ավանդական մշակույթը:
Դուն սննդի մեջ մի շարք իրեր է փորագրել, այդ թվում՝ օլիմպիական օղակների լոգոտիպը և ձմռան չինական խորհրդանշանը: Նրա վերջին աշխատանքը ներկայացնում է Բինգ Դվեն Դվեն պանդային, որը սառցե կոստյում է կրում և այս տարվա խաղերի թալիսմանն է:
ԻՐԱՔ
ԻՐԱՔՑԻՆԵՐԸ ՁՆԱԳՆԴԻ ԵՆ ԽԱՂՈՒՄ
Իրաքի հյուսիսային Սուլեյմանիա քաղաքի հանրային այգիներում հավաքվել են տեղացիներն ու երկրի այլ բնակավայրերից ժամանած հյուրերը` վայելելու քրդական այս քաղաքում տեղացած առատ ձյունը: Նրանք վստահեցնում են, որ ձյուն ու սառույց են տեսել միայն իրենց սառցախցիկներում: Շատերը երկար ճանապարհ են կտրել-անցել` այս տեսարանով հիանալու համար:
Աբդուլջաբար Մոհամեդ (Բաղդադից ժամանած զբոսաշրջիկ) - Մթնոլորտը շատ հաճելի է, թեև իսկապես բավականին ցուրտ է: Ասես Եվրոպայում լինենք, այլ ոչ թե Իրաքում: Միայն Յություբով ենք այսպիսի եղանակային պայմաններ տեսել: Նման տեսարանի հանդիպել ենք Շվեյցարիայում, Դանիայում, Նորվեգիայում: Իսկ այսօր որդիներիս հետ եկել եմ այստեղ՝ Սուլեյմանիա՝ զվարճանալու:
Քաղաքում դժվարանցանելի տրանսպորտային պայմանների պատճառով դպրոցներն ու հասարակական հաստատությունները փակ են մնացել՝ երեխաներին թույլ տալով ժամանակ անցկացնել դրսում, ձնեմարդեր պատրաստել ու ձնագնդի խաղալ:
Տեղացիները վստահեցնում են, որ քաղաքի կենտրոնում տարիներ շարունակ այսպիսի ձյուն չի տեղացել, իսկ բնակավայրը շրջապատող լեռներում ձմռանը սովորաբար ձյուն է գալիս:
ՄԵՔՍԻԿԱ
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ԱՆՏՈՆԻՈՍԻ ՏՈՆԻՆ
Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում անցկացվել է կենդանիների հովանավոր Սուրբ Անտոնիոսի տոնը, որի շրջանակում օրհնվել են ընտանի կենդանիները:
Մարդիկ իրենց սիրելի չորքոտանի բարեկամներին, ոմանք էլ՝ թռչուններին՝ աքլորներին ու թութակներին բերել են եկեղեցի, որպեսզի օրհնություն ստանան, սուրբ ջրով ցողվեն՝ վտանգից և դժբախտություններից խուսափելու նպատակով:
Հատկանշական է, որ գյուղական բնակավայրերում եկեղեցի օրհնության են տանում նաև ավանակներին, այծերին ու ձիերին:
Լյուսի Օրտեզ (Մեխիկոյի բնակիչ) - Մենք այս աքլորները հոկտեմբերի 1-ին ենք նվեր ստացել: Նրանք մեր տանն են ապրում և համավարակի պայմաններում օգնում են մեզ հանգստանալ, ձերբազատվել դեպրեսիայից: Այս իրավիճակի պատճառով մենք շատ լարված ենք, իսկ աքլորները մեզ օգնում են մի փոքր թեթևանալ: Ընդամենը 3 ամսական են, բայց մեծ աղմուկ են բարձրացնում, սկսել են ծուղրուղու կանչել:
Կենդանիների հովանավոր Սուրբ Անտոնիոս Աբոթը ծնվել է Եգիպտոսում՝ Նեղոսի ափին, քրիստոնյա ընտանիքում: Ասում են, որ վաղ տարիքում զրկվել է ծնողներից, որոնք շատ հարուստ են եղել:
Սուրբ Անտոնիոսը հրաժարվել է իր ժառանգությունից՝ հարստությունը բաժանելով աղքատներին և իր տարիներն անցկացրել մենակյացությամբ՝ կենդանիների ընկերակցությամբ հոգևոր լուսավորություն տարածելով:
ԻՍՊԱՆԻԱ
ՖԼԱՄԵՆԿՈՅԻ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԻՍՊԱՆԻԱ
Իսպանիայի Սևիլիա քաղաքում կորոնավիրուսի համավարակի մեկնարկից ի վեր, առաջին անգամ անցկացվել է We Love Flamenco` «Մենք սիրում ենք ֆլամինկո» նորաձևության շոուն:
Իսպանացի դիզայներ Ռոսիո Պերալտայի դիզայնով մոդելները, գունագեղ զգեստներ հագած և ծաղկային զամբյուղներ ձեռքին, կատվաքայլի շքահանդեսի են մասնակցել: Նորաձևության այս շոուն անցկացվում է 10-րդ անգամ: Կազմակերպիչները մտադիր են ներկայացնել 2022 թվականի ֆլամենկոյի նորաձևության ուղղությունները:
Ֆլամենկոյի ոլորտը պետական աջակցություն է խնդրել` կոշտ սահմանափակումներից և կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած ֆինանսական ճգնաժամից հետո ուշքի գալու համար: Մինչև համավարակը, Իսպանիայի ֆլամենկոյի նորաձևության ոլորտից տարեկան ավելի քան 600 միլիոն եվրո էր ստացվում: Անդալուզիայի տարածաշրջանում դրանից եկամուտ էր ստանում ավելի քան 1000 ընտանիք: