ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում անդրադարձավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումին։
«Ես հրաժարականի մասին իմացել եմ հրապարակայնացումից ընդամենը ժամեր առաջ, մոտավորապես 3․5 ժամ առաջ։ Զանգահարել է ինձ, խոսել ենք այդ մասին։ Ես Հանրապետության նախագահին հարցրել եմ՝ ինքը ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե՞ ինձ տեղեկացնում է, որ ինքը կայացրել է որոշում։ Փորձել եմ հասկանալ՝ այդ որոշումը քննարկման ենթակա՞ է, թե՞ քննարկման ենթակա չէ, որից հետո ինքն ասել է, որ կայացրել է որոշում»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ Սահմանադրության հետ կապված ՀՀ նախագահի դիրքորոշումը հայտնի է։
«Իմ դիրքորոշումն այդ կապակցությամբ մի փոքր տարբերվում է Հանրապետության նախագահի դիրքորոշումից կամ էականորեն է տարբերվում։ Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ 2018 թվականից հետո, երբ Արմեն Սարգսյանն ընտրվել է ՀՀ նախագահ, հետո ես ընտրվել եմ վարչապետ, այդ ժամանակվանից ի վեր Սահմանադրության մեջ որևէ դրույթի փոփոխություն տեղի չի ունեցել, համենայն դեպս, նախագահի լիազորությունների մասով:
Հրաժարականի դրդապատճառների մասին այնտեղ կան բացատրություններ, կարծում եմ, որ ես ինքս էլ այդ բացատրություններն ընդունում եմ ի գիտություն և պատեհ չեմ համարում, որ ես մեկնաբանեմ՝ ինչն է բավարար, ինչը բավարար չէ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ասուլիսի ընթացքում Արմեն Սարգսյանի քաղաքացիության մասին հարց հնչեց, որը վերաբերում էր «Հետք»-ի հետաքննությանը։ Այնտեղ նշվում է, որ Արմեն Սարգսյանը Կարիբյան ծովում գտնվող Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի է։
«Եթե այդտեղ կա որևէ փաստ, որին ՀՀ պետական որևէ մարմին պետք է արձագանքի, կարծում եմ՝ պետական մարմինները պետք է զբաղվեն դրանով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։