Աշխարհում, նաև՝ Հայաստանում, առողջապահական գերկարևոր խնդիրը շարունակում է մնալ կորոնավիրուսի դեմ պայքարը: 2021-ի առաջին կիսամյակում մեր երկրում պատվաստումային գործընթացը պասիվ էր: «Տարվա 2-րդ կեսին, ճիշտ քաղաքականության շնորհիվ, պատկերը ակնհայտորեն փոխվեց»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ընդգծելով, որ դեռ չեն հասել նախընտրելի ցուցանիշի:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Կարողացանք ապահովել հասանելի պատվաստանյութերի գրեթե բոլոր տեսակները, կազմակերպեցինք պատվաստումային գործընթացը, շարժական կետեր ու տնային այցեր իրականացնող խմբեր:
Ավանեսյանն ընդգծում է՝ վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ անգամ արագ տարածվող վերջին՝ «Օմիկրոն» շտամի պարագայում պատվաստում ստացած քաղաքացիները հիվանդությունը բավական թեթև են տանում: Նախարարը վստահ է, որ պատվաստումային պատկերը առաջիկա օրերին նկատելիորեն փոխվելու է՝ խթանող գործիքը հակահամաճարակային նոր սահամանփակումներն են լինելու: Իսկ ինչու առևտրի կենտրոններում և սննդի խանութներում պատվաստման սերտիֆիկատի կամ բացասական թեստի արդյունքների ներկայացման պահանջն ու դրանց հետ կախված սահմանափակումները չեն գործում:
Անահիտ Ավանեսյան - Սահմանափակումը չի գործում, քանի որ մենք սկզբունք ենք որդեգրել անհրաժեշտ ծառայությունների նկատմամբ դրանք չկիրառել, այլ կիրառել հանգստի վայերի, ժամանցի վայրերի, այն առաջնային ծառայությունների նկատմամբ, առանց որի մարդու կյանքը դժվար է. մենք դրանք դեռևս զերծ ենք պահում:
Նախարարի խոսքով՝ առողջապահության ոլորտում մյուս կարևոր հարցը հետպատերազմական ընթացքով պայմանավորված վիրավոր զինծառայողների վերականգնողական օգնության տրամադրումն է: Դրան առանձնահատուկ ուշադրություն կդարձվի նաև այս տարի: Պետբյուջեով նախատեսված գումարները ամբողջ տարվա ընթացքում ավելացել են՝ ըստ պահանջի: Տղաների վերականգնողական ծախսերի ծրագրին պետբյուջեով նախատեսված հատկացումները 3 միլիարդ 296 միլիոնից տարեվերջին հասել են 6 միլիարդ 700 միլիոն դրամի:
Իսկ 44-օրյա պատերազմում զոհվածների չնույնականացված քանի՞ աճյուն կա: Նախարարը պատասխանեց՝ բոլոր դեպքերը, որոնք ենթակա են եղել փորձաքննության, ամփոփվել ու աշխատանքներն ավարտվել են:
Անահիտ Ավանեսյան - Կան որոշակի մասունքներ, որոնք, ցավոք, այնքան վնասված էին, որ հետազոտությունը չհաջողվեց, բայց փորձաքննություներ, որ պետք է արվեն, չկան:
Նախարարը նշել է, որ չեն անտեսվել նաև մյուս ծրագրերը: 2021-ին բնակչության ռիսկային խմբերում իրականացվել է շուրջ 440 հազար սքրինինգային հետազոտություն: Նախարարի համոզմամբ կարևոր է հիվանդությունների հնարավորինս շուտ կանխարգելումը, որ բուժումը շատ ավելի թեթև լինի:
Անահիտ Ավանեսյան - Վիրահատական միջոցների անվճար դառնալուց հետո մենք դիմելիության աճ ենք ունեցել, ու սա ցույց է տալիս, որ մարդիկ հիմա արագ են դիմում ու ճիշտ ժամանակին են դիմում ու ավելի լավ արդյունքներ ենք գրանցում:
Նախարարը կարևոր ձեռքբերում է համարում նաև «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի փուլ առ փուլ կիրարկումը: Նա հիշեցնում է՝ մարտի 15-ից կգործի հանրային վայրերում ծխախոտի օգտագործման արգելքը:
2022-ի գլխավոր ռեֆորմը, նախարարի խոսքով, լինելու է առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրումը:
Ոլորտի պատասխանատուն համոզված է, որ դրա շնորհիվ բնակչության բոլոր խմբերը կօգտվեն բժշկական հիմնական ծառայություններից և պաշտպանված կլինեն: