ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԵԽԽՎ ՁՄԵՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
Այսօր հիբրիդային ձևաչափով մեկնարկել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը։ Այն կտևի մինչև հունվարի 28-ը։
Նախատեսվում է Խորհրդարանական վեհաժողովի նախագահի և փոխնախագահների ընտրությունը։
Նստաշրջանի ընթացքում կքննարկվեն Հայաստանում Ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին բանաձևը, լրատվամիջոցների դերը ճգնաժամային իրավիճակներում, երեխաների իրավունքների պաշտպանությունը և այլ թեմաներ: Նստաշրջանին ԵԽԽՎ-ում ելույթով հանդես կգա նաև ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն։
Առաջին օրը Լիտվայի և Ուկրաինայի պատգամավորները վիճարկել են ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները։ Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 49, դեմ՝ 19, ձեռնպահ՝ 8 պատգամավոր։ Պատվիրակության լիազորությունների հարցը կտեղափոխվի ԵԽԽՎ Մշտական հանձնաժողով և կանոնակարգային հարցերի հանձնաժողով։
ՆԱՏՕ-Ի ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԲԵՐՈՒՄ ՈՒԺԵՐԸ
ՆԱՏՕ-ի դաշնակիցները պատրաստականության են բերում ուժերը և Արևելյան Եվրոպայում տեղակայելու համար հավելյալ նավեր ու կործանիչներ են ուղարկում, քանի որ Ռուսաստանը շարունակում է իր ռազմական հզորությունն ավելացնել Ուկրաինայում և դրա շուրջ, ասված է ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ:
Դանիան ֆրեգատ է ուղարկում Բալթիկ ծով և պատրաստվում է չորս F-16 կործանիչ տեղակայել Լիտվայում։ Իսպանիան նավեր է ուղարկում, որոնք կմիանան ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերին: Բացի դրանից՝ Մադրիդը մտադիր է կործանիչներ ուղարկել Բուլղարիա: Ֆրանսիան պատրաստակամություն է հայտնել ՆԱՏՕ-ի հրամանատարությամբ զորքեր ուղարկել Ռումինիա։ Նիդերլանդներն էլ ապրիլին Բուլղարիա կուղարկի երկու F-35 կործանիչ: Միացյալ Նահանգները դիտարկում է նաև Դաշինքի արևելյան հատվածում իր ռազմական ներկայությունը մեծացնելու հնարավորությունը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունել է ՆԱՏՕ-ի դաշնակիցների ջանքերը․ «ՆԱՏՕ-ն կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու բոլոր դաշնակիցներին, այդ թվում՝ ուժեղացնելով Դաշինքի արևելյան թևը»,- ընդգծել է նա:
ՌԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑՆԵՐԸ. ՊԵՍԿՈՎ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար և երկրի արտաքին քաղաքականությունը որոշող պաշտոնյա, ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ Ռուսաստանի և նրա քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Հենց Ռուսաստանն է նախաձեռնել եվրոպական անվտանգության վերաբերյալ բանակցությունները, և մենք ակնկալում ենք, որ այս շաբաթ կստանանք մեր առաջարկների գրավոր պատասխանը»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ այդ առաջարկների նպատակը հետագայում իրավիճակի նման լարումից խուսափելն է:
ԱՀԿ-Ն ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԱՎԱՐՏԸ «ՕՄԻԿՐՈՆԻՑ» ՀԵՏՈ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի բացառում Եվրոպայում համաճարակի ավարտը կորոնավիրուսի «Օմիկրոն» տարբերակի ալիքի ավարտից հետո։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի տնօրեն Հանս Կլյուգեն։
Նա, այնուհանդերձ, զգուշացրել է, որ անհրաժեշտ է ուշադիր հետևել կորոնավիրուսի հնարավոր նոր տարբերակների առաջացման դինամիկային։
ԱՀԿ ներկայացուցչի խոսքով՝ Եվրոպայում «Օմիկրոնի» ալիքի նվազումից հետո գլոբալ իմունիտետի շրջան կսկսվի։ Տաք եղանակները նույնպես կարող են ազդել իրավիճակի վրա։