ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր։ Իրանի նախագահը հայտարարել է, որ տարածաշրջանում կայուն անվտանգության հաստատման միակ ճանապարհը երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելն է:
Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան ցանկանում է տարբեր ոլորտներում զարգացնել հարաբերություններն Իրանի հետ և ցանկություն է հայտնել առաջիկայում այցելել Թեհրան։ Նա հայտնել է նաև, որ թուրքական կողմը ցանկանում է հյուրընկալել Հարավային Կովկասի հարցերով «3+3» տարածաշրջանային ձևաչափի հաջորդ հանդիպումը։
ԱՄՆ-Ը ԻՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀՈՐԴՈՐԵԼ Է ՉԱՅՑԵԼԵԼ ՈՒԿՐԱԻՆԱ
Հունվարի 24-ին ԱՄՆ պետդեպարտամենտը թույլատրել է իր պետական ծառայողներին ցանկության դեպքում հեռանալ Կիևում ամերիկյան դեսպանատնից. Իսկ նրանց ընտանիքների անդամները պարտավոր են հեռանալ Ուկրաինայից: Այս մասին հայտնում են Կիևում ԱՄՆ դեսպանատանից։
Ուկրաինայում դիվանագիտական առաքելությունը լքելու թույլտվությունն ընդունվել է «որպես հատուկ նախազգուշացում՝ Ռուսաստանից բխող հնարավոր սպառնալիքների պատճառով»։ Հաղորդվում է, որ ամերիկյան կողմը որոշման վերաբերյալ խորհրդակցել է Ուկրաինայի կառավարության հետ և իր գործողությունները համաձայնեցնում է Կիևում ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների դեսպանատների հետ։
Բացի այդ, Պետդեպարտամենտը թարմացրել է Ուկրաինա մեկնելու համար նախազգուշացման չորրորդ մակարդակը՝ իր քաղաքացիներին հորդորելով չայցելել այդ երկիր:
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆՎԱԶԵՑՆԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ. ԶԱՍ
Արևելյան Եվրոպայում ՀԱՊԿ-ի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ակտիվությունը չի նպաստում տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը և անհրաժեշտ է նվազեցնել լարվածությունը, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Ընդհանուր առմամբ, Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ռազմականացումը սպառնալիքի որոշակի աղբյուր է ստեղծում: Ուստի մենք համարում ենք, որ կարևոր է գտնել անվտանգության ապահովմանն ուղղված նոր տարբերակներ»,-ընդգծել է Զասը՝ անդրադառնալով ՆԱՏՕ-ի անդամ երկրների ակտիվությանը Բելառուսի սահմանների մոտ:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտնել է նաև աշնանը կազմակերպության բոլոր անդամ երկրների, այլ պետությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անվտանգության ապահովման թեմայով միջազգային համաժողով անցկացնելու ծրագրերի մասին։
ԻՐԱՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ Է ՁԱՅՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՄԱԿ-Ի ԳԱ-ՈՒՄ
Իրանը վերականգնել է ձայնի իրավունքը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ Կորեայում սառեցված իրանական ակտիվներից մարելով կազմակերպության նկատմամբ իր ֆինանսական պարտավորությունները, հայտնել Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչին:
«Իրանը՝ որպես ՄԱԿ-ի ակտիվ անդամ, միշտ հավատարիմ է եղել իր անդամավճարը պարտաճանաչ վճարելու հանձնառությանը և այժմ գործնականում ապացուցեց դա: Ցավոք, արդեն երկրորդ տարին է՝ բախվում ենք այս խնդրին՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի խիստ պատժամիջոցների պատճառով»,- նշել է Ռավանչին։
Նրա խոսքով՝ ձայնի իրավունքը կվերականգնվի հունվարի 24-ին։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքը վերականգնելու համար Իրանը վճարել է 18,4 մլն դոլար։
ԱՄՆ-Ի ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԱՎ ԵՆ ԱՆՑԵԼ. ԱՔԱՐ
Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև Վաշինգտոնում F-16 կործանիչների մատակարարման շուրջ բանակցությունները լավ են անցել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Նա հավելել է, որ քննարկումներ են նախատեսվում նաև F-35 կործանիչների մատարակարաման հարցի շուրջ։ Թուրքական պատվիրակությունը ԱՄՆ կմեկնի հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին։
Ավելի վաղ ԱՄՆ-ն պաշտոնական ծանուցում էր ուղարկել Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման ծրագրից Թուրքիային հեռացնելու մասին՝ ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու պատճառով: Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն առաջարկել է Անկարային F-35 կործանիչների փոխարեն ձեռք բերել F-16 կործանիչներ:
ԹՈՒՐՔԻԱՆ ԱԹՍ-ՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԽՈՇՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ
Թուրքիան կնքել է Akinci հարվածային ԱԹՍ-ների արտահանման վերաբերյալ առաջին խոշոր պայմանագիրը։ Անօթաչուների շարժիչները կմատակարարի Ուկրաինան: Այդ մասին հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը։
«Պայմանագրի շրջանակում մատակարարումը նախատեսվում է 2023 թվականին»,- նշել է նա։ Թե որ երկրի հետ է կնքվել պայմանագիրը, ընկերության գործադիր տնօրենը չի հայտնել: