Հնարավո՞ր է, որ Հայաստանը հրաժարվի Հայ դատից և սառեցնի համահայկական օրակարգի թեմաները՝ ընդառաջելով թուրքական նախապայմաններին, և արդյոք Հայաստանը պատրա՞ստ է ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը և Կարսի պայմանագրով հաստատված սահմանները: Այսօրվա առցանց ասուլիսի ընթացքում այս հարցը տրվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Հայաստանի Հանրապետությունը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել։ Ավելին, օրինակ՝ 2005 թվականին Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջներ և հավակնություններ չունի։ Ըստ էության, այս հայտարարությանը հղում է արել նաև Սերժ Սարգսյանը: Այսինքն՝ Հայ դատը երբեք Հայաստանի քաղաքականություն չի եղել, ՀՀ-ն երբեք Հայաստան-Թուրքիա սահմանը կասկածի տակ չի առել: Դուք չեք գտնի Հայաստանի որևէ ղեկավար կամ կառավարություն, որը կասկածի տակ է դրել հայ-թուրքական սահմանը: Մենք այս քաղաքականությունից չենք հրաժարվելու»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացի լոկոմոտիվը միշտ էլ եղել են Սփյուռքն ու Սփյուռքի կազմակերպությունները։