Մենք ուզում ենք առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզո՞ւմ ենք Հայաստան-Թուրքիա սահմանի բացում․ այո, և մենք այդ դիրքորոշման մեջ անկեղծ ենք: Այն ժամանակ չստացվեց, հիմա պետք է փորձենք հաշվի առնել նախորդ փորձը։ Այն ժամանակ Թուրքիայի կողմից բանակցությունները վարում էր նախագահը, իսկ Հայաստանի կողմից՝ Հայաստանի նախագահը: Բայց այն ժամանակ Թուրքիան խորհրդարանական կառավարման երկիր էր: Ճիշտ է, Թուրքիայի նախագահն իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչ էր, բայց, այնուամենայնիվ, նա չէր երկրի ղեկավարը, վարչապետն էր: Հիմա երկխոսությունը տեղի է ունենում Թուրքիայի նախագահի տված լիազորությամբ և մանդատով: Այսինքն՝ սա պարամետրերից մեկն է, որը կարող է որոշակի ազդեցություն ունենալ գործընթացի վրա, հույս ունենանք՝ դրական»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ ամբողջ գործընթացում ՀՀ իշխանությունները բաց և թափանցիկ գործելաոճ են վարում հանրության նկատմամբ։
«Գործընթացն ամբողջը եղել է Հայաստանի հանրության առաջ։ Բոլոր դետալները եթե ամբողջությամբ բացվեն, դիվանագիտական պրոցեսը կգնա դեպի փակուղի և ձախողման։ Մենք հանրությունից գաղտնիք չունենք, մեր քաղաքականությունը լինելու է հրապարակային հայտարարությունների տիրույթում։ Բայց աշխատանքային տեղեկություններն արտահոսքի ենթարկելը ոչ մի բանի օգուտ չի տա»,- ասաց վարչապետը: