ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա առցանց ասուլիսի ընթացքում պատասխանեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և սահմանների բացման մասին հարցին։
«Առաջինը բացման փուլն է, որտեղ ծանոթություն է տեղի ունենում, նաև քննարկում՝ տեխնիկական հարցերի շուրջ։ Նաև մթնոլորտ է ձևավորվում։ Այն, որ կողմերն արձանագրեցին, որ համաձայնել են առանց նախապայմանների քննարկման, դա արդեն էականորեն լիցքաթափում է գործընթացի շուրջ լարվածությունը և նեգատիվ մթնոլորտը։
Հարց է հնչում, թե արդյոք հնարավո՞ր է, որ այս տարի դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն։ Ես չեմ կարող կանխատեսել՝ հնարավո՞ր է, թե՞ չէ, քանի որ այն միայն մեզնից չէ կախված։ Շատ տրամաբանական կլինի, եթե հասնենք այդպիսի արդյունքի, հատկապես դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ հայկական կողմը շահագրգռված է առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորել։