Ազգային ժողովի հերթական նիստի օրակարգում քննարկվեց օրակարգային վերջին՝ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը: «Հայաստան» դաշինքից Աննա Գրիգորյանը երկու հարց ուղղեց թեկնածու, արդարադատության նախարարի նախկին առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանին, խնդրեց անդրադառնալ սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանությանն ու անվտանգության գոտի ստեղծելու հարցին, ապա նաև հետաքրքրվեց՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն: Անվտանգային գոտու վերաբերյալ ՄԻՊ գրասենյակը, արդարադատության նախարարությունն ու խորհրդարանական դիվանագիտությունը համատեղ կարևոր աշխատանք են կատարել՝ վստահեցրեց Գրիգորյանը և ընդգծեց՝ պետք է շարունակել այն: Միաժամանակ, ըստ նրա, անվտանգությունը չպետք է ֆետիշացնել, կտրել կամ առանձնացնել մարդկանցից:
Աննա Գրիգորյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - 19-րդ րոպեի սահմաններ - Ես կուզենայի հստակ գնահատական հնչեցնեիք հատկապես իշխանության ներկայացուցիչների մտքերին, որոնք կարծում են, որ կան մեր երկրում ճանապարհներ ու տարածքներ, որոնք չեն պատկանում Հայաստանին, պատկանում են Ադրբեջանին: Դա էլ՝ այն պարագայում, երբ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ տեղի չեն ունեցել:
Քրիստիննե Գրիգորյան (ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու) - Տեսեք՝ սահմանագծումն ու սահմանազատումը, բացի նրանից, որ բոլորս գիտենք, շատ բարդ, համալիր գործընթաց է քաղաքական կոմպոնենտով: Բայց նաև մարդու իրավունքների հարցերը հիմքում են դրված, և երբ մենք նայում ենք նույն միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ԵԱՀԿ պրակտիկաներին ու նաև էն ուղեցույցին, որ մանրամասն կազմված է այս կազմակերպության կողմից, հստակ է, որ էնտեղ քաղաքական հարցերի լուծումների հետ հավասարապես նայվում են բնակչության կյանքի ապահովման հարցերը՝ սոցիալական իրավունք, կրթություն, կյանքի իրավունք, անվտանգ միջավայրի իրավունք, ՇՄ իրավունք: Ուստի այս առումով իմ մոտեցումը հետևյալն է. որևէ պրոցես, որ տեղի է ունենում մեր երկրում, ՄԻՊ-ը պետք է լինի էնտեղ, ու ես ընտրվելու դեպքում լինելու եմ էդ պրոցեսում, օգտագործելու եմ իմ հարաբերությունները ու նաև կառուցելու եմ հարաբերություններ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության, թե՛ պետական կառավարման ՏԻՄ-երի հետ, որ էս խնդիրները հասցեագրվեն:
Քաղբանտարկյալների վերաբերյալ հարցին անդրադառնալով՝ Քրիստիննե Գրիգորյանը մեջբերեց ԵԽԽՎ-ի սահմանած «քաղբանտարկյալներ» հասկացությունն ու Հայաստանում անցկացրած մոնիթորինգը, որն արձանագրել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Գրիգորյանն ասաց, որ այս արձանագրության հետ համաձայն է:
«Հայաստան» դաշինքից Արամ Վարդևանյանն էլ խափանման միջոցներից՝ կալանավորման մեծ տարածում ստանալու մասին հարց ուղղեց:
Արամ Վարևանյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - ՀՀ-ում կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկան. ինչպիսին է Ձեր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ:
Քրիստիննե Գրիգորյան - Պարոն Վարդևանյան, ոչ միայն հանրային ծառայությունից ազատ պաշտոնում, այլև արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում շարունակել եմ համարել, որ կալանավորումը որպես խափանման միջոց շատ ավելի շատ է կիրառվում, քան անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում: Էս մասին որևէ վեճ չունենք, և սա արձանագրված է բազմաթիվ միջազգային դիտորդական կազմակերպությունների փաստաթղթերում: Միաժամանակ կարծում եմ, որ հետևողական եմ լինելու նոր քրօրենսդրության կիրառմանը, որովհետև դրա հիմքում դրված էր հենց ազատազրկման ալտերնատիվները զարգացնելը:
Պատգամավորները հարցերը սպառելուց հետո ելույթներին անցան: Գրանցվածների մեծամասնությունը, ՄԻՊ թեկնածուի ընտրությանը վերաբերող հարցերի փոխարեն, բարձր ամբիոնն օգտագործեցին այլ թեմաների անդրադառնալու համար: Օրինակ՝ Արեգնազ Մանուկյանը խնդրահարույց համարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանյաց արարողությունը: Լուսինե Բադալյանը զարմանքով հակադարձեց՝ մինչև վերջերս ամուսությունների ժամանակ բոլորը շնորհավորում ու երջանկություն էին մաղթում, հիմա պատկերն այլ է:
ՄԻՊ-ի ընտրությանը վերադառնալով՝ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հիշեցրեց, որ Արման Թաթոյանը միակ ՄԻՊ-ն է, որը պաշտոնավարել է օրենքով սահմանված լիազորությունների ամբողջ ժամկետում: Ներկայացրեց նաև, թե ինչ պատճառներով են նախկին պաշտպանները հրաժարական տվել: Ալեքսանյանի խոսքով՝ օրինակ, Լարիսա Ալավերդյանը պատմել է, որ 2004-2006 թվականներին ենթարկվել է քաղաքական ճնշումների, անգամ զրկվել ԱԺ-ում տարեկան զեկույց ներկայացնելու հնարավորությունից, ինչից հետո հրաժարական է տվել: Իսկ Արմեն Հարությունյանը 2008-ի մարտի 1-ի իրողությունները քննադատելուց հետո Ռոբերտ Քոչարյանի կողմից արժանացել է «անհաջող կադր» որակավորմանը, ինչին հաջորդել է նաև նրա հրաժարականը՝ նշեց Վահագն Ալեքսանյանը: Խոսելով Կարեն Անդրեասյանի մասին՝ պատգամավորը հիշեցրեց՝ դատական իշխանությունում գործող կաշառքների չափերը հանրայնացնելուց հետո նա ևս սկսել է ճնշումների ենթարկվել, ինչի արդյունքում հրաժարական է տվել:
Վահագն Ալեքսանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Ընդմիջումից հետո 5-րդ րոպեի սահմաններ - Արման Թաթոյանը ընդդիմադիր լրատվականների կողմից ներկայացվում է որպես ՀՀ միակ աշխատող ինստիտուտ: Ենթադրում եմ, որ այս մարդիկ աշխատանքը նույնականացնում են հայտարարությունների քանակի հետ, բայց նաև խոսելով բարձր պլանկայի մասին, որին հասնելու շանս իբր չունի տիկին Գրիգորյանը, ապա ինձ համար Արման Թաթոյանի բարձրագույն պլանկան եղել և մնում է Սարի թաղի դեպքերի հետ կապված նրա հայտարարությունը, երբ, կհիշեք, Սարի թաղում խաղաղ ցուցարարների վրա ուժ կիրառվեց, կրակոցներ եղան լուսաձայնային միջոցներով, 18 տարեկան մի տղա կորցրեց աչքը, այս ամենի հետ կապված՝ ինչ ասաց Արման Թաթոյանը. «եթե երթը ուներ խաղաղ նպատակ, ապա ինչու էր այն ընթանում Սարի թաղի նեղ փողոցներով, գիշերով»: Փառահեղ է: Տիկին Գրիգորյան, կարծում եմ, որ այդ բարձր պլանկային հասնելու համար պիտի առնվազն հենց նոր բռնաբարված մի կնոջ հայտնեք, որ եթե նա չէր ցանկանում բռնաբարվեր, ապա ինչու էր քայլում նեղ փողոցով, այն էլ՝ գիշերով:
Ելույթներից հետո պաշտպանի թեկնածու Քրիստիննե Գրիգորյանը փորձեց ամփոփ պատասխանել գործընկերների հարցերին, եզրափակեց երկու օր տևող քննարկումը, ևս մեկ անգամ ներկայացրեց իր աշխատանքային սկզբունքը, ասաց՝ մարդու իրավունքները ունիվերսալ են, և չկան կարևոր ու անկարևոր իրավունքներ:
Քրիստիննե Գրիգորյան - Ելույթումս էլ եմ ասել, որ փորձելու եմ շատ թիրախային լինել, ախտորոշված խնդիր, լուծման առաջարկ, հետևողականություն, անխոնջ աշխատանք: Սա է իմ բանաձևը: Հույս ունեմ, որ օրենսդրի հետ համագործակցությունը միայն պետք է օգնի, որ այդ աշխատանքն իրոք իրավունքների վերականգնմանը միտված լինի, որ կոնկրետ իրավիճակում մարդն իրոք զգա, որ իր իրավունքների խախտումն իսկապես վերացվեց և ոչ թե դարձավ քաղաքական հայտարարությունների ու գնահատականների առարկա՝ ընդամենը:
Մեկ ժամ տևած փակ-գաղտնի քվեարկությունից հետո ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց ընտրության արդյունքները՝ 68 «կողմ», 0 «դեմ» ձայներով Քրիստիննե Գրիգորյանը ընտրվեց ՀՀ մարդու իրավունքների 5-րդ պաշտպան: Քվեարկությունից անմիջապես հետո նա ԱԺ ամբիոնից երդվեց:
Քրիստիննե Գրիգորյանը նոր պաշտոնում աշխատանքի կանցնի փետրվարի 23-ից հետո, երբ կլրանա Արման Թաթոյանի պաշտոնավարման 6-ամյա ժամկետը: