Պոլիէթիլենային տոպրակների հաստությունը վերահսկող օրենքն այս ամսվանից ուժի մեջ է ու արդեն հասցրել է իրարամերժ քննարկումների թեմա դառնալ:
Շրջակա միջավայրի նախարարությունն ասում է՝ տոպրակները հաստացնելով ցանկացել են այնպես անել, որ սպառողը դրանք միանգամից աղբը չնետի՝ մի քանի անգամ օգտագործի: Իրենց հաշվարկով՝ 50 միկրոնից բարակ տոպրակների կիրառումը սահմանափակելով, բնության համար դժվարամարս այդ նյութի թափոնները կնվազեցնեն մոտ 30 տոկոսով:
Մյուս կողմից, 50 միկրոնից բարակ տոպրակների կիրառությունն իսպառ չի արգելվում, օրինակ՝ կշռվող ապրանքները դեռ դրանով են վաճառվելու: Իսկ քաղաքացիներից էլ ոչ բոլորն են դեռ մի քանի անգամ օգտագործում նույն տոպրակը ու խանութից հետո անմիջապես նետում են աղբը՝ միայն թե այս անգամ ավելի երկար քայքայվող թափոն ստեղծելով:
Ստացվում է, որ օրենքի փոփոխությունից գուցե ավելի անհրաժեշտ է քաղաքացիական գիտակցության ու մշակույթի փոփոխություն, որ բնությանը նվազագույն վնաս հասցնող, բազմակի օգտագործման կտորից տոպրակները դառնան նախընտրելի:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան