Ազգային ժողովում ստացել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ ծանուցումը, այդ մասին 1lurer.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
Ըստ ՀՀ Սահմանադրության 126-րդ հոդվածի՝ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն:
Սահմանադրության 144 հոդվածում էլ նշված է, որ Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Արմեն Սարգսյանը
հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ որոշել է հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից։