Շարունակական աճից հետո միջազգային ֆոնդային բորսաներում անկման գործընթաց է սկսվել: Տարեսկզբից հիմնական ինդեքսները նվազել են մոտ 10 տոկոսով: Նախորդ շաբաթը, համավարակով պայմանավորված անկումից հետո, ամերիկյան ֆոնդային բորսաների համար վատագույնն էր: Նախորդ 5 օրում NASDAQ-ը, Dow Jones-ը և S&P 500-ը արժեզրկվել են 5-7 տոկոսով:
Ներդրողները առավել ակտիվ սկսել են վաճառել տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը, որոնք առավել պահանջված էին կորոնավիրուսի պիկի ժամանակահատվածում:
Վերջին մեկ ամսում Apple-ն արժեզրկվել է ավելի քան 6, Microsoft-ը՝ 10 տոկոսով, նույն ցուցանիշն է արձանագրվել Meta Platforms-ի՝ Facebook-ի պարագայում:
Ներդրողները համարում են, որ բարձր տեխնոլոգիական ընկերությունների արժեքը գերագնահատված է, և նախընտրում են իրենց ակտիվները տեղափոխել ավելի էժան և կայուն արժեթղթերի շուկա: Այժմ, օրինակ՝ առավել պահանջված են բանկային և դեղագործական ընկերությունները:
Տարբեր արժեթղթերի վրա ազդում են ոչ միայն ընդհանուր միտումները, այլ նաև արձանագրված ցուցանիշները: Ամերիկյան Netflix-ի բաժնետոմսերը արժեզրկվել են միանգամից 20 տոկոսով: Պատճառն այն է, որ Netflix-ի նոր բաժանորդագրումների դինամիկան նվազել է մոտ երկու անգամ: Ներդրողները, փաստացի, չեն հավատում, որ ընկերությունը մոտ ապագայում՝ ներկայիս միջոցներով, կկարողանա եկամուտների աճ ապահովել:
Իրարանցում է նաև կրիպտոարժույթների շուկայում: Բիթքոինի գինը վերջին 5 օրում նվազել է մոտ 15 տոկոսով: Կարմիր գոտում են նաև մյուս առավել հայտնի կրիպտոները՝ Էֆերիումը, ԴեգԿոինը:
Ընդհանուր շուկայի փլուզումը հանգեցրել է կորուստների նաև այն ընկերություններում, որոնց գործունեությունը կապակցված է կրիպտոարժույթի հետ:
Այլ գործոններից բացի, նման անկման պատճառ է դարձել նաև կրիպտոարժույթների շրջանառությունը երկրում սահմանափակելու Ռուսաստանի կենտրոնական բանկի որոշումը:
Քաղաքական դրդապատճառներով պայմանավորված՝ ռուսական ֆոնդային բորսաներում անկայուն վիճակ է: Լարված իրադրությունը Ուկրաինայի շուրջ, լայնամասշտաբ պատերազմի, ինչպես նաև Արևմուտքի նոր պատժամիջոցների վտանգը ստիպում են ներդրողներին վաճառել ռուսական ակտիվները: Մոսկովյան բորսան վերջին մեկ ամսում նվազել է ավելի քան 12 տոկոսով: Առանձին ընկերությունների կորուստները գերազանցում են 20 տոկոսը: Ըստ մասնագետների, սակայն, քաղաքական իրավիճակի կայունացումից հետո ռուսական շուկաներում արագ աճ է կանխատեսվում: