Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանի և կազմակերպության աշխատակիցների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության շրջանակում տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն առնչվող մի շարք մանրամասներ, նախանշվել հետագա անելիքները։
Կողմերն անդրադարձել են նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատությունների աշխատակիցների մասնագիտական ու փորձագիտական աջակցությանը, պետություն-հասարակական կազմակերպություն համագործակցության արդյունավետության բարձրացմանն ու մի շարք այլ հարցերի։
Երկուստեք ընդգծվել է նաև անձնական օգնականի մոդելի փորձարկման, շահառուներին փոքր տների ձևաչափով ծառայությունների մատուցման, Միասնական սոցիալական ծառայության և հասարակական կազմակերպության համատեղ աշխատանքի կարևորությունը: