Հոգեկան առողջության կենտրոններում խախտվում են բուժառուների իրավունքները՝ արձանագրված է Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում: Պաշտպանի աշխատակազմի հրապարակած 150-էջանոց փաստաթղթում առկա խնդիրների գերակշիռ մասը վերաբերում է հարկադիր բուժմանը: Արման Թաթոյանի խոսքով՝ պացիենտներից շատերը հայտնել են՝ հոգեբուժարանում պահվում են իրենց կամքին հակառակ:
Արման Թաթոյան (ՀՀ մարդու իրավունքների պաշտպան) - Սևանի հոգեկան առողջության կենտրոն այցի ընթացքում պահվել է 402 անձ, նրանցից ընդամենը 8-ի նկատմամբ է կիրառված եղել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց, մնացած 394 պացիենտների փաստաթղթերում նշված է եղել, որ նրանք գտնվում են սեփական կամարտահայտությամբ և ստանում են հոժարակամ բուժում: Իրականում մեր հանդիպումները պացիենտների հետ ցույց են տվել բոլորովին հակառակը:
Թաթոյանը խնդրահարույց է համարում նաև հոգեբուժական կենտրոններում բաժանմունքների դռների կողպումը:
Արման Թաթոյան - Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք բաժանմունքներից կարողացել են դուրս գալ միայն սահմանված ժամերի: Սա էլ իր հերթին նշանակում է, որ նրանք այնտեղ պահվել են իրենց կամքին հակառակ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2021 թվականին եղել է Ավանի, Սևանի, Լոռու և Վարդենիսի հաստատություններում, խնդիրներ նկատել նաև դրանց գերբեռնվածության և բուժառուներին հատկացված տարածքի փոքր լինելու վերաբերյալ:
Արման Թաթոյան - Ուսումնասիրված հոգեբուժական կազմակերպություններում ապահովվել է ընդամենը 2.6-3.6 քմ տարածք, օրինակ՝ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում, 3.1-4.8 քմ՝ Սևանի հոգեկան առողջության կենտրոնում, 3.5-4.3 քմ՝ Լոռու հոգենյարդաբանական դիսպանսերում, մինչդեռ սրանք հակասում են միջազգային չափանիշներին, և այս մահճակալների այսքան կիպ դնելը ոչ միայն խնդրահարույց է մարդու ազատ տեղաշարժման, հիգիենայի, բոլոր առումներով, այլ նաև անձնական կյանքի լուրջ խախտում է:
«Լուրերը» պարզաբանում փորձեց ստանալ նաև առողջապահության նախարարությունից: Օրը, սակայն, ոչ աշխատանքային էր, մեր զանգերը մնացին անպատասխան:
Արման Թաթոյանը հոգեկան առողջության կենտրոններում մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ զեկույց էր հրապարակել նաև 2018 թվականի մարտին: Նշում է՝ զեկույցից հետո արձանագրվել են դրական փոփոխություններ:
Արման Թաթոյան - Դրական փոփոխություններ, որոնք վերաբերում են մարդկանց արհեստական խոչընդոտների վերացմանը, որ նրանք մեզ դիմեն: Դա, օրինակ՝ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում է, օրինակ՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում և այլն:
Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրմամբ՝ վերջին տարիներին բարեփոխվել է նաև հոգեկան առողջության ոլորտի օրենսդրությունը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան