Ղազախստանի իրավապահ մարմինները 1822 քրեական գործ են հարուցել ահաբեկչության, սպանությունների, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության կիրառման փաստերով: Այս մասին հայտնել է հանրապետության Ներքին գործերի նախարար Երլան Տուրգումբաևը: Նա երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ներկայացրել է երկրի բոլոր շրջաններում «Իրավակարգ» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքը: Տուրգումբաևը նշել է, որ շարունակվում է բնակչության ունեցած ապօրինի զենքի առգրավումը։
*****
«Մոլդովագազ» ընկերությունն Էներգետիկ հարցերի կարգավորման ազգային գործակալությունից թույլտվություն է խնդրել 45 տոկոսով բարձրացնելու «Գազպրոմից» ձեռք բերվող գազի ներքին սակագինը: Այս մասին հայտնել են գազաբաշխիչ ընկերության մամուլի ծառայությունից։ Գործակալության պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ սակագնի վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված է գազի ձեռքբերման գնի բարձրացմամբ: Նախատեսվում է 2022թ. համար գազի գինը 1000 խորանարդ մետրի համար 511 դոլարից հասցնել 743 դոլարի: Մոլդովայում հունվարի 21-ից 60 օրով արտակարգ դրություն է սահմանվել: Ավելի վաղ «Մոլդովագազ» ընկերությունը ռուսական «Գազպրոմից» ծանուցագիր էր ստացել երկիր բնական գազի մատակարարումները դադարեցնելու մասին:
*****
Վենեսուելայի Ազգային ընտրական խորհուրդը հունվարի 26-ին ստորագրահավաք կանցկացնի երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին հանրաքվե կազմակերպելու նպատակով: Ավելի վաղ Մադուրոն հայտարարել էր, որ պատրաստ է 2022թ. հանրաքվե անցկացնել իր պաշտոնաթողության վերաբերյալ, եթե այդ գաղափարի կողմնակիցները կարողանան բավարար քանակությամբ ստորագրություններ հավաքել: Հանրաքվեի անցկացման գործընթացն սկսելու համար անհրաժեշտ է հավաքել յուրաքանչյուր տարածաշրջանի ընտրողների առնվազն 20 տոկոսի ստորագրությունը: Հակառակ դեպքում գործընթացը կդադարեցվի: Նիկոլաս Մադուրոյի լիազորությունների ժամկետն ավարտվում է 2025թ.: Նա նախագահի պաշտոնն ստանձնել է 2019թ. հունվարի 10-ին, իսկ հունվարի 21-ից նրա դեմ սկսվել են բողոքի զանգվածային ակցիաներ: