Այս տարի լրանում է Հայաստանի և Արգենտինայի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։ Այս ընթացքում հեռավորությունն ու ժամանակը չեն խոչընդոտել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը: 1993 թվականին Բուենոս Այրեսում բացվեց նորանկախ Հայաստանի դեսպանությունը, որի շենքը նվիրաբերեց Սեֆերյան ընտանիքը: Դեսպանության բացումը հզոր խթան էր տարբեր ոլորտներում միջպետական կապերի հաստատման համար: Երկկողմ հարաբերությունները նոր որակ ստացան 2009 թվականին՝ Երևանում Արգենտինայի դիվանագիտական ներկայացուցչության բացմամբ:
30 տարվա ընթացքում երկու երկրների միջև կնքվել են տասնյակ համաձայնագրեր ու պայմանագրեր: Դեռ 2011 թվականին կնքվել է մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիրը: Տնտեսական գործակցության ոլորտում կարևոր դերակատարում ունի ներդրումների փոխադարձ խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրը: Արգենտինական կապիտալը լայն ներկայացվածություն ունի Հայաստանում՝ օդային հաղորդակցության ոլորտից գինեգործություն, բանկայինից գյուղատնտեսություն: Տնտեսական գործակցության առավել թարմ օրինակներից է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության կողմից Գյումրու «Շիրակ» օդանավակայանի վերակառուցումը, որի համար ներդրվել է 7.5 միլիոն դոլար:
Հովհաննես Վիրաբյան, Արգենտինայում ՀՀ դեսպան - Ներդրումների ծավալով Արգենտինան հինգերորդն է աշխարհում Հայաստանի տնտեսության մեջ, առյուծի բաժինը պատկանում է Էռնեկյան ընտանիքին։ Հայաստանն Արգենտինայում ներկայացվում է նաև որպես ԵԱՏՄ անդամ երկիր, միլիոնանոց շուկա, ինչը հետաքրքրություն է առաջացնում Արգենտինայում։
2021թ. հայկական Enterprise Armenia ներդրումների աջակցման կենտրոնի և ներդրումների և միջազգային առևտրի արգենտինական գործակալության միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում 2022թ. գարնանը նախատեսվում է կազմակերպել գործարար համաժողով, որը կնպաստի երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ու գործարար շրջանակների միջև կապերի հաստատմանը: Այս նպատակին կծառայի նաև Հայաստանում արգենտինական առևտրային պալատի ստեղծման Արգենտինայի դեսպանության նախաձեռնությունը:
Մարիանո Վերգարա, Հայաստանում Արգենտինայի դեսպան - Առևտրի պալատի մասին նախորդ տարի հայտարարեցինք գործարարների մասնակցությամբ կազմակերպված միջոցառման շրջանակում, քննարկումներ անցկացրեցինք։ Ես ամեն օր ընդունում եմ հայ և արգենտինացի ներդրողների, որոնք փնտրում են համատեղ բիզնես նախաձեռնելու հնարավորություններ։ Առևտրային պալատը տնտեսական կամուրջ կլինի երկու երկրների միջև, դա առևտրային գործընթացը կազմակերպելու նոր ճանապարհ է: Առևտրի պալատի բացումը կախված է աշխատանքների դինամիկայից և, իհարկե, նաև մասնավոր սեկտորի ակտիվությունից ու կարիքներից:
Հայաստան-Արգենտինա հարաբերությունների զարգացման, այդ թվում՝ տնտեսական ոլորտում գործակցության ամրապնդման հարցում, անշուշտ, իր զգալի ներդրումն ունի Արգենտինայի հայկական համայնքը, որն ամենամեծն է Լատինական Ամերիկայում:
Հովհաննես Վիրաբյան - Դժվար կլիներ առանց Արգենտինայի հայ համայնքի, որովհետև երբ տուն ես կառուցում, պիտի հիմքը լինի շատ ամուր, և այդ հիմքը դրել են դեռևս 100 տարի առաջ և ավելի վաղ, ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերը, որոնք անձնազոհ և ինքնամոռաց լծվել են հայությունը կենդանի պահելու գործին:
2007 թվականի հունվարի 11-ին Արգենտինան ճանաչեց Հայոց ցեղասպանութունը՝ իր համերաշխությունը հայտնելով արգենտինահայ համայնքին և ողջ հայությանը: Հայաստանում Արգենտինայի դեսպանը հայկական համայնքի մասին խոսելիս օգտագործում է արգենտինական ֆուտբոլային տերմին՝ «ՀԻՆՑԱ»՝ աջակից, ում օժանդակությունը մշտապես զգում են:
Մարիանո Վերգարա - Ես մեծացել եմ հայերի հարևանությամբ, դա ինձ այնքան հարազատ է։ Փողոցը, որտեղ ծնվել եմ, ավելի ուշ անվանափոխվեց «Արմենիայի», իսկ հրապարակը, որտեղ խաղում էի մանկության տարիներին, դարձավ «Արմենիայի հրապարակ»։ Ես շրջապատված եմ եղել հայկական համայնքով, ունեմ շատ հայ ընկերներ։ Արգենտինայում հայկական համայնքը մեծ աջակցություն է մեզ ցուցաբերում, ինչի համար շատ երախտապարտ ենք։ Նրանք անընդմեջ փորձում են իմանալ՝ ինչով ենք մենք զբաղվում, մեզ հետ կապի մեջ են և տարբեր առաջարկներ են ներկայացնում:
Քաղաքական, տնտեսական հարաբերություններին զուգահեռ՝ Հայաստանի և Արգենտինայի կառավարությունները ջանքեր են գործադրում նաև հումանիտար կապերի ամրապնդման ուղղությամբ: Արդեն այս տարի Արգենտինայի Կորդոբա և Ռոսարիո պրովինցիաներում Հայաստանը կունենա պատվավոր հյուպատոսների գրասենյակներ։ Ակտիվ աշխատանքներ են տարվում Արգենտինայում «Թումո» կենտրոնի բացման ուղղությամբ։ Հումանիտար կապերի զարգացման համատեքստում ուշագրավ են նաև Արգենտինայում հայագիտության և Հայաստանում իսպաներենի զարգացման ուղղությամբ կողմերի գործադրած ջանքերը:
Արգենտինայի հայկական համայնքի կապը հայրենիքի հետ առավել ամրապնդելու համար ներկայումս բանակցություններ են տարվում արգենտինական մի քանի հեռարձակող ընկերությունների հետ՝ Հանրային հեռուստաընկերության սփռումը նաև այնտեղ ապահովելու համար:
Հովհաննես Վիրաբյան - Երկու երկրների հարաբերություններում կա մեծ ներուժ, դրա բացահայտման ուղղությամբ տարվում են կոնկրետ քայլեր։ Շատ բաներ են արվել, բայց կարելի է անել ավելին։ Դեսպանությունը մշակել է մի շարք ծրագրեր, որոնք իրականացվելու են տարվա ընթացքում և մի քանի տարվա ընթացքում։
Հայաստանի և Արգենտինայի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը կնշանավորվի նաև մի շարք մշակութային իրադարձություններով՝ ցուցահանդեսներ, համերգներ, հայ և արգենտինացի հեղինակների գործերի շնորհանդեսներ: Նպատակը մեկն է՝ է՛լ ավելի մտերմացնել երկու բարեկամ ժողովուրդներին: