Քաղաքացիներն այլևս հնարավորություն չեն ունենա գերեզմանի համար անվճար տրամադրվող տարածքից բացի գումարի դիմաց հողակտոր ձեռք բերել: Կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելուն ուղղված օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից:
Արկադի Չերչինյան (ՏԿԵՆ վարչական վերահսկողության իրականացման բաժնի պետ) - Մինչև օրենսդրական փոփոխությունները, գերեզմանատներում գերեզմանատեղերի համար տրամադրվում էր միայն 1 անձի համար 2.5 քմ և ընտանեկան գերեզմանի համար անվճար՝ 12.5 քմ, և ևս 6 քմ քաղաքացիները կարող էին արդեն վճարովի հիմունքներով ձեռք բերել: Օրենսդրական փոփոխություններից հետո այսուհետ ՀՀ գերեզմանատներում գերեզմանատեղին տրամադրվելու է միայն անվճար:
Նախկինում սահմանված չափից ավելին ուզելու դեպքում, կախված վարչական շրջանի կադաստրային արժեքից, քաղաքացիները յուրաքանչյուր քառակուսի մետրի համար վճարում էին Նուբարաշենում, օրինակ՝ մոտ 2900, իսկ Քանաքեռում՝ 59 հազար դրամ: Փոփոխություններ կան նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում: Խստացվել է նաև գերեզմանատան սահմաններից դուրս հուղարկավորությունների իրականացումը:
Արկադի Չերչինյան - Գերեզմանատան սահմաններից դուրս հուղարկավորություն իրականացնելը տուգանվում է 1 միլիոն դրամով, խախտումը չվերացնելու դեպքում եռամսյա ժամկետում տուգանվում է ևս 2 միլիոն դրամով, այնուհետև եռամսյա ժամկետում խախտումը ևս չվերացնելու դեպքում՝ 5 միլիոն դրամ յուրաքանչյուր եռամսյակ, մինչև խախտումը վերացնելը:
Եղել են դեպքեր, երբ Երևանում ապրող, բայց մարզի գրանցում ունեցողներին թույլ չեն տվել մայրաքաղաքի գերեզմանատներում հուղարկավորել՝ պատճառաբանելով, որ գրանցումը մարզում է, և, հետևաբար, գերեզմանատեղը պետք է լինի հաշվառված հասցեում: Վերջին փոփոխությամբ այդ հարցն էլ է լուծվել:
Արկադի Չերչինյան - Օրինակ՝ եթե քաղաքացին հաշվառված է եղել Գյումրիում, բայց իր բնակության վայրը հանդիսանում է Երևան քաղաքը, ապա հուղարկավորությունը ստանձնող անձը կարող է էդ հուղարկավորությունն իրականացնել կա՛մ իր հաշվառման վայրում, տվյալ դեպքում՝ Գյումրիում, կա՛մ իր բնակության վայրի գերեզմանատանը, տվյալ օրինակով՝ Երևանում:
Միայն Երևանում 21 գերեզմանատուն կա, որից մասնակի փակ են 10-ը: Հայաստանում այսօր ամբողջովին փակ գերեզմանատներ չկան: Հանրապետությունում կա 1700 գերեզմանատուն, որից մասնակի փակ են 1070-ը: Նման դեպքում հուղարկավորությունները թույլատրվում են միայն ընտանեկան գերեզմաններում: