Մինչև տարեվերջ Արմավիրի Արևիկ համայնքը նոր մանկապարտեզ կունենա: Վթարային նախկին շենքը քանդել, տեղում նորը՝ մոդուլայինն են կառուցում: Մոդուլային տիպի նախակրթարանների շարքում սա առաջինն է Հայաստանում: Հավաքվում է արագ, մետաղական կոնստրուկցիաներով, պատերն էլ ոչ թե քարից կամ փայտից են, այլ նոր դետալներից:
Վահագն Բաբայան (աշխղեկ) - Սենդվիչ պատեր են, պանելներով փաթաթվում է, տանիքը մետաղական է: Ամուր է, հաշվարկված են բոլոր նորմերը, կարելի է ասել՝ ավելի ամուր է, քան քարի շենքերը:
Պատվիրատուն քաղաքաշինության կոմիտեն է: Շինարարության համար պետությունը 496 մլն դրամ է հատկացրել: Կառույցը մեկհարկանի է, նախատեսված մինչև 100 երեխայի համար: Կախված երեխաների թվից՝ այն կարելի է հեշտությամբ փոփոխման ենթարկել: Մանկապարտեզն արևիկցիների համար փրկություն է: Ծնողներն այլևս նեղություն չեն քաշի երեխային հարևան գյուղի պարտեզ տանել-բերելու համար:
Անդրանիկ Գևորգյան (Արևիկ համայնքի բնակիչ) - Առավոտյան տանում էինք, երեկոյան՝ բերում, դա խնդիր էր, անկախ նրանից՝ ծնողները որտեղ էին աշխատում, պատահում էր՝ հերթ էին պահում՝ ով է տանելու: Գործելուց հետո նման խնդիր չի առաջանա:
Սա համալիր կառույց է, ունենալու է հարմարավետ խմբասենյակներ, ննջասենյակներ, դահլիճ, խոհանոց, ջեռուցման լոկալ համակարգ ու սանհանգույցներ: Տաք ջուրն ու ջերմությունն էլ արևային մարտկոցների միջոցով կստանան: Նախագծողները չեն մոռացել նաև երեխաների անվտանգության մասին. արտակարգ իրավիճակների դեպքում նրանց կպատսպարի երկաթբետոնե ապաստարանը: Արևիկցիները չեն համբերում, թե երբ այն կշահագործվի:
Արգամ Շահնազարյան (Արևիկի համայնքապետարանի աշխատակից) - Գալիս են, հետաքրքրվում են, ուզում են ավելի արագ լինի, բայց ժամկետ ունի, ժամկետին կհասցնեն, կավարտեն:
Շինարարները մետաղի հետ կռիվ են տալիս նույնիսկ զրոյից ցածր ջերմաստիճանի դեպքում: Ցրտի հարվածները մեղմելու համար ժամանակ առ ժամանակ էլեկտրական վառարանն են միացնում, որ ձեռքերը տաքացնեն, գործն առաջ տանեն: Զոդողների մի մասը նախկինում արտագնա աշխատանքով էր գումար վաստակում: Իսկ հիմա շատերը, այդ թվում՝ Աշոտ Բաղդասարյանը իր երեք տղաների հետ, մոռացել է խոպանի ճամփան:
Աշոտ Բաղդասարյան (զոդող) - Միտք էլ չունենք գնանք, արդեն աշխատանք ունենք, հիմնավորվել ենք, մեր համար այստեղ ավելի հարմար է:
Արևիկից բացի, մոդուլային մանկապարտեզ կկառուցվի մարզի ևս 5 գյուղում: Նախագծանախահաշվարկային փուլն արդեն ավարտվել է:
Սոնյա Բուդաղյան (Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ) - Այգեվան, Լենուղի, Փշատավան, Նորավան և Գետաշեն՝ արդեն հաստատված է Կառավարության կողմից: Ունենք նաև մոդուլային դպրոց, Արգինայում աշխատանքներն ընթանում են, արդեն տանիքը փակ է:
Մանկապարտեզի համար անհրաժեշտ գույքն ու տեխնիկան նույնպես պետությունը կգնի: