Նախորդ տարի աշխարհում տարբեր ազգային արժույթների անկայունության ֆոնին հայկական դրամն արժևորվել է: 2021-ի դեկտեմբերի 30-ի դրությամբ 2020-ի նույն օրվա համեմատ հայկական դրամը հիմնական արժույթների՝ ԱՄՆ դոլարի, ռուսական ռուբլու և եվրոյի նկատմամբ արժևորվել է, համապատասխանաբար, 8, 8.6 և 15.4 տոկոսներով:
ՀՀ Կենտրոնական բանկ. «Հատկանշական է, որ համատարած գնաճի պայմաններում 2021 թ. ընթացքում զարգացող երկրների արժույթները հիմնականում բախվել են արժեզրկման ճնշումների, թերևս, բացառությամբ այն երկրների, որտեղ կենտրոնական բանկերն ավելի առաջանցիկ, խիստ ու հետևողականորեն են արձագանքել գնաճի զարգացումներին: Այդպիսիք են Հայաստանը, Վրաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան և այլն, այս երկրների ազգային արժույթները տարվա ընթացքում համեմատաբար կայուն են եղել կամ նույնիսկ արժևորվել»:
Դրամի արժևորումը դրական է ինչպես գնաճը մեղմելու, այնպես էլ տնտեսվարողների դրական սպասումների տեսանկյունից՝ կարծում են տնտեսագետները: Դրամով ավանդների աճը ևս խոսում է ազգային արժույթի նկատմամբ վստահության մասին:
Նարեկ Կարապետյան (տնտեսագետ) - Դրամի նկատմամբ պահանջարկը ավելացել է շուկայում, սա հիմնականում կարելի է պայմանավորվել երկիր ներհոսող արտարժութային հոսքերի բարելավման գործոնով, և դա տեղի է ունեցել ինչպես մեր արտահանման գների լավացման շնորհիվ, մասնավորապես, հանքահումքային արտադրանքի գների լավացման, ինչպես նաև ծավալների ավելացման գործոնով, այնպես էլ երկիր հոսող դրամական փոխանցումների աճով:
Հայաստանի ենտրոնական բանկը դեռ 2020-ի դեկտեմբերից երկրում գնաճային միջավայրի և սպասումների կայունացման նպատակով աստիճանաբար բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը:
ՀՀ կենտրոնական բանկ. «2021 թ. վերջին արձանագրվեց գնաճի տեմպի դանդաղում, իսկ տարվա հատկապես երկրորդ կեսին՝ նաև ՀՀ դրամի որոշակի արժևորում: Տարվա ընթացքում դրամի արժևորմանը նպաստող գործոններից կարելի է առանձնացնել նաև դրամական փոխանցումների և հատկապես զբոսաշրջության դրական զարգացումները»:
Զարգացող երկրների մեծ մասում փողի արժեզրկում է նկատվել, ինչը պայմանավորված էր զարգացած երկրների կենտրոնական բանկերի, իսկ ավելի կոնկրետ՝ ԱՄՆ-ի զսպող քաղաքականությամբ, ընդգծում է Նարեկ Կարապետյանը, հավելում՝ ինչը բերեց ամերիկյան պարտատոմսերի տոկոսադրույքի աճի:
Նարեկ Կարապետյան - Էդ աճը ենթադրում է զարգացող երկրներից որոշակի հետհոսք դեպի զարգացած շուկաներ, և էդ հետհոսքը ճնշում ա գործադրում զարգացող երկրների արժույթների վրա: Մինչդեռ մեր դեպքում, երբ բավարար չափով ինտեգրված չենք համաշխարհային ֆինանսական շուկային, չկան էդպիսի պորտֆելային ներդրումների գործիքներ, ածանցյալ գործիքներ, զարգացած կորպորատիվ պարտատոմսերի և բաժնետոմսերի շուկա, այդպիսի սպեկուլյատիվ հոսքերը, կարելի է ասել, մեզ շրջանցում են:
Քաղաքացիների ու տնտեսվարողների վստահությունը սեփական արժույթի նկատմամբ, պնդում են մասնագետները, կնպաստի դրամի կայունությանը:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան