Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողները խստացված ստուգումները շարունակում են, սակայն այսօրվանից՝ այլ պահանջներով: Լինի հանրային սննդի օբյեկտ, հյուրանոց, մարզասրահ, գրադարան, թանգարան, թատերահամերգային և կինոսրահ՝ տեսչականի աշխատողները նաև քաղաքացիներից կարող են պահանջել ՊՇՌ թեստավորման կամ պատվաստման փաստաթուղթ: Քաղաքացիները կարող են ցույց տալ նաև Արմեդ համակարգի հեռախոսային հավելվածի QR կոդը:
Նոնա Հայրապետյան (ԱԱՏՄ Երևանի հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ) - Պետք է անպայման ներկայացնեն պատվաստումային կարգավիճակը հաստատող սերտիֆիկատ: ՊՇՌ թեստավորման բացասական արդյունքը հաստատող 72-ժամյա վաղեմության սերտիֆիկատ կամ արագ թեստի արդյունք, որի վաղեմության ժամկետը 24 ժամ է:
Կորոնավիրուսով վարակվածության թվերն ավելանում են՝ ասում են տեսչականի աշխատողները: Թեև այս կինոթատրոն այցելած երեխաների որոշ ծնողներ անհրաժեշտ փաստաթղթերն ունեին, սակայն կային քաղաքացիներ, որոնց կինոթատրոնի ղեկավարությունը թույլ չտվեց մտնել տարածք:
Մեր այցելած մարզասրահում ևս ստուգումներ էին, այստեղ ևս խախտումներ կային:
Ինչպես էր քաղաքացին մուտք գործել մարզասրահ առանց ստուգվելու, մարզասրահի աշխատողը պարզաբանում է՝ նոր կանոնը առաջին օրն է գործում, հավատացել են իրենց հաճախորդի խոսքին:
Գագիկ Գրիգորյան (ԱԱՏՄ Երևանի տարածքային բաժնի պետ) - Հիմա մենք կազմում ենք արձանագրություն տնտեսվարողի վրա:
Ոչ մի բացատրություն, պատճառաբանություն չեն անցնելու, տեղեկացնում է Երևանի տարածքային բաժնի պետը, զգուշացնում՝ քաղաքացու պատճառով տուգանվելու է տնտեսվարողը:
Արձանագրությունը պարտադիր ստորագրում են տնտեսվարողի ներկայացուցիչը և ոստիկանությունը: Տուգանքի չափը 100-300 հազար դրամ է: