Թուրքիայում ապրող հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանությունից անցել է 15 տարի։ Այս տարի խմբագրապետի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու յուրահատուկ դրսևորում դարձավ նրա կենսագրությունը ու աշխարհայացքը հենց իր խոսքերով արտահայտող «Հիշողությունը բավարար չէ» վավերագրական ֆիլմը։ Լրագրող, գրող, կինոռեժիսոր Ումիթ Քըվանչի հեղինակած աշխատանքի ցուցադրությունը տեղի ունեցավ Ստամբուլի «Ջեմալ Ռեշիդ» սրահում։ Ֆիլմի դիտումից հետո տեղի ունեցավ հարցուպատասխան Հրանտ Դինքի որդու՝ Արատ Դինքի, փաստաբան Ֆեթհիե Չեթինի և Ումիթ Քըվանչի հետ։ Դինքի կյանքը ներկայացնող ֆիլմի գաղափարը նրա ընտանիքն ու ֆիլմի ռեժիսոր Քըվանչը քննարկել են տարիներ շարունակ։
Ումիթ Քըվանչ (գրող, կինոռեժիսոր) - Նման աշխատանք կատարելու ցանկությանս հիմնական պատճառը հետևյալն էր. Հրանտը գրող էր, բայց ամենակարևորը՝ պատմիչ էր: Նրա ձայնը, ժեստերը, միմիկան, ձեռքերի շարժումները, ձևակերպումները, առոգանությունը, դեմքի անկեղծությունը, որն անմիջապես փոխանցվում էր մարդկանց, ազդեցիկ խոսքը: Սա էր իրականում Հրանտ Դինքը։ Այդ է պատճառը, որ նա ավելի շատ պետք է հիշվեր իր ելույթներով, քան գրածներով։ Այն, ինչ ասում էր, ավելի հասկանալի էր դառնում, երբ հենց իրենից էիք լսում։
Դինքի զավակների՝ Արատի և Դելալի հետ տարիներ շարունակ քննարկել են Դինքի ելույթների հիման վրա ֆիլմ ստեղծելու գաղափարը։ Դեռ տարիներ առաջ «Հրանտ Դինք» հիմնադրամի աշխատակիցները տեսագրություններն ուղարկել են Ումիթ Քըվանչին, սակայն նա այդ տեսագրությունները դիտելու համարձակություն է գտել միայն ամիսներ առաջ։ «Ինչպես բոլորը, ովքեր Հրանտին ճանաչում էին, ես ևս մեծ ցավ էի ապրում՝ դիտելով այդ տեսագրությունները»,- ասում է Քըվանչը։
Ումիթ Քըվանչ - Իհարկե այն, թե ինչպես կորցրինք նրան, խորապես զայրացնող է։ Հեշտ չէ այժմ նրան այդպես լսելը։ Համավարակի ընթացքում և մեր երկրում տիրող վիճակի պատճառով արդեն «ինչ լինելու է, թող լինի» հոգեվիճակ սկսեց ինձ մոտ։ Մտածեցի, որ կարող եմ դիմակայել, սկսեցի աշխատել և համարձակություն գտա պատրաստելու այս ֆիլմը։ Ես անպայման դա պետք է անեի։ Հակառակ դեպքում հանգիստ խղճով չէի կարող աչքերս փակել։
Արատ Դինքը շնորհակալություն հայտնեց Ումիթ Քըվանչին, քանի որ այս ֆիլմը թույլ կտա Հրանտ Դինքի թոռներին ճանաչել իրենց պապին, և ստիպված չեն լինի նրա մասին տեղեկություններ հայթայթել տարբեր աղբյուրներից: «Հիշողությունը բավարար չէ» ֆիլմի անվանումը Քըվանչն այս կերպ է ներկայացնում։
Ումիթ Քըվանչ - Հրանտի ասածներին ականջ դնելու համար չպետք է կողպենք մեր հիշողությունը։ Թուրքիայում գերիշխող գաղափարախոսության պահպանման պատճառը հենց կողպված հիշողությունն է։ Իրականում հիշողությունը պահում է ամեն ինչ։ Այս երկրում այդքան հայ կար, հիմա ինչո՞ւ չկան։ Այս հարցում չենք կարող ասել, որ մարդիկ ոչինչ չգիտեն։ Հնարավոր է՝ դեպքերը գնահատելու և դրանք արտացոլելու տարբեր մոտեցումներ կան, բայց բոլորն էլ գիտեն՝ ինչեր են եղել։ Մարդիկ սպանվել են, վտարվել, ունեցվածքը բռնագրավվել է և ոչնչացվել։ Հիշողությունն է մեր փրկությունը, որ պետք է օգնի առերեսվելու այս ամենին, բայց ոմանք նախընտրում են կողպել այն։
Քըվանչը «Ակօս»-ի հիմնադրման օրերին եղել է խմբագրությունում՝ մասնագիտական հարցերով օգնելու համար: Հպարտանում է՝ «Ակօս» շաբաթաթերթի՝ մինչ այժմ օգտագործվող շապիկը հենց ինքն է նախագծել: Այստեղ Դինքի հետ ծանոթությունը, խմբագրատանն անցկացրած ամիսներն օգնել են իրեն՝ հայերի հետ կապված մի շարք հարցեր խորությամբ ըմբռնելու։ Խոստովանում է՝ այդ փորձառությունն իր կյանքում շատ բան է փոխել։
Ումիթ Քըվանչ - Ես մեկն էի, որ գիտեր, թե այս հողերում ինչեր են կատարվել հայերի, հույների նկատմամբ։ Այդ հարցերում երբեք ժխտողական վերաբերմունք չունեի։ Սակայն խնդրի ծավալները, արդիականությունը չէինք հասկանում։ Մեզ թվում էր՝ հայերը միայն Ստամբուլում էին բնակվում և ոչ ուրիշ բնակավայրերում։ Այդպես կարծելով՝ մեծացանք։ «Ակօս»-ում աշխատելու ընթացքում շատ մարդիկ էին այցելում. նոր խմբագրատուն էր։ Լսում էի, թե ինչպես են երիտասարդներն իրար հարցնում, թե ով որտեղից է։ Մեկն ասում է՝ ես Յոզգաթից եմ, մյուսը՝ ընտանիքս Դիարբեքիրից է։ Այդ ամենից հասկացա՝ ինչ է կատարվել։ Որտեղի՞ց պետք է սովորեինք այդ ամենը։ Ես և մի շարք ընկերներ հենց «Ակօս»-ում իմացանք այս ամենի մասին։ Ցնցվեցինք և հասկացանք, որ խնդիրը մեր պատկերացրածից ավելի խորն է, և մեր կյանքում շատ ավելի մեծ տեղ պետք է գրավի։
Հրանտ Դինքի մասին պատմող Ումիթ Քըվանչի հեղինակած վավերագրական ֆիլմը հասանելի է «Հրանտ Դինք» հիմնադրամի youtube-յան էջում՝ թուրքերեն, հայերեն և անգլերեն տարբերակներով։ Հայերեն տարբերակը հասանելի է «Հիշողությունը չափազանց քիչ է բառերի համար» վերնագրով։
Հեղինակ՝ Վարդուհի Բալյան