ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն այսօր ընդունել է ԵՄ խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնի և Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ղեկավարած պատվիրակությանը:
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Սոչիում ՌԴ նախագահի, ինչպես նաև Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի ու Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ:
Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:
ԱԺ փոխնախագահը կառուցողական է գնահատել հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը Մոսկվայում՝ նշելով, որ հայկական կողմը հետաքրքրված է բովանդակային գործընթացի միջոցով հստակ խնդիրների լուծմամբ: