Էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգում հաղթողների թիվը տարեցտարի աճում է: Ոլորտն ուսումնասիրող հասարակական կազմակերպություններից մեկի նախնական հաշվարկով՝ 2021 թվականին շուրջ 250 մլրդ դրամի գնումները բաշխվել են 5003 հաղթող մասնակիցների միջև: 2020 թվականին՝ 236 մլրդ դրամ բաշխվել էր շուրջ 4000 հաղթողների միջև, իսկ 2019-ին՝ 232.7 մլրդ դրամ՝ 3452 հաղթողների միջև։ Խոսքն այս դեպքում թե՛ պետական, թե՛ համայնքային, թե՛ հիմնադրամների միջոցներով իրականացված գնումների մասին է:
Արմենուհի Բուռնազյան, «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն - ARMEPS համակարգում տվյալների հիման վրա ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հիմնականում շինարարական աշխատանքների ձեռքբերման ժամանակ մասնակցության մակարդակը բավականին բարձր է լինում, այսինքն՝ մոտավորապես, եթե օրինակներով խոսենք, 39 մասնակից հայտ է ներկայացրել շինարարական աշխատանքների ձեռքբերման համար:
Պետբյուջեի միջոցներով իրականացվող մրցույթներում մեկ գնման միջին մասնակցությունը 2.4 է կազմել՝ նախորդ տարվա 2-ի փոխարեն:
Սերգեյ Շահնազարյան, ՀՀ ՖՆ գնումների քաղաքականության վարչության պետ - Որոշակի աճ մասնակցության տեսակետից 21 թվականին առկա է: Անընդհատ բարեփոխվում է համակարգը, որպեսզի մասնակցության ցուցանիշը հնարավորինս մեծանա, որովհետև համակարգի լավ կամ վատ լինելու գնահատական, ըստ էության, հնարավոր է տալ միջին մասնակցության ցուցանիշների փոփոխությունների արդյունքում:
Ամենաակտիվ մասնակցությունը հիմնականում տեղի է ունենում փոքր ծավալով գնումներում՝ ընդգծում է Բուռնազյանը, հավելում՝ օրենսդրական փոփոխությունները ևս նպաստել են դրան:
Արմենուհի Բուռնազյան - Երբ նայում ենք ավելի բարձր մասնակցության մրցույթները, դրանք միջինից ավելի ցածր, այսինքն՝ մինչև 10 մլն-ի գնումներն են ավելի շատ մասնակցություն ունենում: Մեծ գնումները հիմնականում կենտրոնացված են խոշոր ընկերությունների միջև:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարեվերջյան ասուլիսում անդրադարձել էր պետգնումներին՝ նշելով, որ ճանապարհաշինության ոլորտի ընկերությունները պատվերի խնդիր չունեն. ավելին՝ ամենախոշոր կապալառուները քաղաքական հակառակորդների ընտանիքներին պատկանող ընկերություններն են, քանի որ որակյալ են աշխատում:
Սերգեյ Շահնազարյան - Մենք շինարարական մրցույթներ ունենք, որտեղ մինչև 30 մասնակից դիմում է: 2021 թվականին ունենք մոտավորապես 29 000 ներկայացված հայտ, դա է մեր ունեցած վիճակը: Կարծում եմ՝ նորմալ է այն պարագայում, երբ կազմակերպված ընթացակարգերի միայն բյուջեի մասը մոտավորապես 11,5 հազար է եղել:
Ըստ Սերգեյ Շահնազարյանի՝ օտարերկրյա կազմակերպությունները ևս դիմում են հայաստանյան պետգնումներին մասնակցելու համար, այդ թվում՝ շինարարության ոլորտում, սակայն գերակշռողը տեղի կազմակերպություններն են:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան