Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը:
Գրիգորյանը մասնագիտությամբ արևելագետ և իրավաբան է: Ունի ավելի քան 12 տարվա աշխատանքային փորձ, հիմնականում՝ պետական մարմիններում: 2021 թվականից նա պաշտոնավարել է արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում:
«Մեծ պատիվ եմ համարում ՄԻՊ-ի թեկնածուի կարգավիճակում այս առաջադրումը: Մեր երկրում ՄԻՊ ինստիտուտը զարգացման տպավորիչ ուղի է անցել: Կարծում եմ՝ շատերը կհամաձայնեն, որ պաշտպանի ինստիտուտը կայացած հաստատություն է, որն իրականացնում է մարդու իրավունքների պաշտպանության ժողովրդավարական հակակշռի առաքելություն: Պաշտպանի հաստատության զարգացման հեղինակության մասին են վկայում նաև հանրային կարծիքի հարցումները»,- ասաց Գրիգորյանը:
Գրիգորյանը համամիտ չէ այն ձևակերպումներին, թե այդ ինստիտուտն ընդդիմադիր է: Նրա խոսքով՝ Սահմանադրությամբ ու օրենքով պաշտպանի ինստիտուտը լրացնում է պետական մարմինների համակարգը:
«Որևէ դեպքում այն չպետք է ընկալվի որպես պետությունից օտարացած և պետության դեմ պաքարի դուրս ելած մարմին: Փոխարենը անվիճելի է այն մոտեցումը, որ եթե պետական ու տեղական ինքնակառավարման մարմինները չեն վերացնում անձանց իրավունքների խախտումը, պաշտպանի գործն է՝ արձանագրել խախտումը, հրապարակային դարձնել դա, եթե խախտումը չի վերացվել, և հետևողական լինել, որ խախտումը վերացվի, իսկ հաջորդները կանխարգելվեն»,- նշեց նա:
Հիշեցնենք՝ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Քրիստիննե Գրիգորյանին ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին: