2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո մինչև այս տարվա հունվարի 1-ը Արցախի վերահսկողության տակ գտնվող հայկական բնակավայրերի հարակից հատվածներում տեղակայված ադրբեջանական զինուժը արցախահայության նկատմամբ կատարել է 69 հանցագործություն, որոնց կապակցությամբ հարուցվել է 54 քրեական գործ:
Արցախի դատախազության հաղորդմամբ՝ սպանվել է քաղաքացիական 3 անձ և 10 զինվորական, սպանության փորձի է ենթարկվել 77-ը, տարբեր աստիճանի հրազենային վիրավորում է ստացել 37 անձ, ֆիզիկական բռնության է ենթարկվել 8-ը, սպանության սպառնալիքի՝ 2-ը:
Արցախցիների սեփականության իրավունքի դեմ ուղղված հանցավոր ոտնձգությունների հետևանքով հափշտակությամբ ֆիզիկական անձանց պատճառվել է 17 մլն դրամի գույքային վնաս, թիրախավորվել են բնակելի տներ, գյուղտեխնիկա, այգիներ, անասուններ:
Թվարկված դեպքերից բացի, 2020 թ. նոյեմբերից առ այսօր Ստեփանակերտ քաղաքի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջանների գյուղերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից պարբերաբար կրակոցներ են արձակվում մոտակա հայկական բնակավայրերի ուղղությամբ: