ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ է առաջադրել Արթուր Մանուկյանին:
Նա մասնագիտությամբ ռեժիսոր է, երաժիշտ, թատրոնի և կինոյի արտիստ, եղել է ԱԺ պատգամավոր:
Արթուր Մանուկյանը նախ՝ հայտնեց, որ ընտրվելու դեպքում կսառեցնի անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, ապա ներկայացրեց մեդիադաշտի վերաբերյալ իր դժգոհություններն ու առաջարկները:
«Երեխաներն աշխարհը ճանաչում են անգլերենով ու ռուսերենով, որովհետև անընդհատ նայում են ռուսերեն, անգլերեն մուլտեր: Մայրենի լեզուն դառնում է օտար լեզու: Դա խնդիր է, պետք է լուծվի: Մանկական հաղորդումներ չունենք, պատանեկան ֆիլմեր չունենք, երիտասարդների համար միայն գռեհիկ հաղորդումներ ունենք: Մենք այստեղ սերունդներ ենք կորցնում»,- ասաց Մանուկյանը:
Նա ամփոփեց, որ իրեն չի գոհացնում այսօր գոյություն ունեցող հեռուստատեսային արտադրանքը: