ՀՀ ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը հունվարի 21-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կալին Վասիլև Անաստասովի հետ:
Ողջունելով դեսպանին՝ Անուշ Բեղլոյանը հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման գործում կարևորել է խորհրդարանների բարեկամական խմբերի սերտ համագործակցությունը: Պատգամավորը խոսել է միջազգային տարբեր կառույցներում փոխգործակցության խորացման անհրաժեշտության մասին:
Բարեկամական խմբի ղեկավարը ներկայացրել է տարածաշրջանում առկա հետպատերազմյան իրավիճակը և մասնավորապես սահմանային իրադրությունը: Անուշ Բեղլոյանը խոսել է ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժման անթույլատրելիության մասին, այս հարցում կարևորել միջազգային հանրության և բարեկամ երկրների ընդգծված վերաբերմունքն ու գործուն քայլերը:
Բուլղարիայի դեսպանը նշել է, որ իրենք հետևում են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և կիսում են իրավիճակի վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը:
Կալին Վասիլև Անաստասովը խոսել է երկու երկրների և ժողովուրդների միջև առկա բերակամական հարաբերությունների և մշակութային ընդհանրությունների մասին: Դեսպանը երկկողմ կապերի ամրապնդման գործում կարևորել է Բուլղարիայի հայ համայնքի դերակատարությունը: Հյուրի խոսքով` համայնքն ակտիվ մասնակցություն ունի երկրի քաղաքական-հասարակական կյանքում:
Համաձայնելով, որ մի շարք ոլորտներում կա չօգտագործված մեծ ներուժ, կողմերը պատրաստակամություն են հայտնել քայլեր ձեռնարկելու նաև այդ ուղղությամբ:
Նշվել է, որ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում կարևոր է երկրների համագործակցության ակտիվացումը՝ տարածաշրջանում տրանսպորտային և այլ տնտեսական համագործակցության ծրագրեր իրականացնելու նպատակով: