Ձյունը վերջին եկածն է։ Տեղումները սկսելու հետ՝ ճանապարհը սպասարկող տեխնիկան հանել են բազայից՝ պնդում է Սյունքում գերկարևոր դարձած այս երթուղու մաքրությունը ստանձնած ընկերության ներկայացուցիչը։
Սյունիք (Ներսես Ասրյան, Գորիսի ճանշինի գլխավոր ճարտարագետ) - էս պահի դրությամբ՝ 9 միավոր տեխնիկա աշխատում ա, 2 աղ-ցան, երեք գրեյդեր, 2 հատ էլ կովշով մեքենա տարբեր ուղղություններով:
Որպեսզի Հայաստանի հարավը երկրի հետ կապող Տաթև-Աղվանին եղանակի պատճառով հանկարծ չփակվի՝ պետությունը դրա կարգավիճակը դեկտեմբերին փոխեց-միջպետական դարձրեց։ Արդյունքում ճանապարհի սպասարկման գումարն ավելացել է։
Հնարավորություն է տվել, որ՝ մի ընկերություն Գորիսի կողմից գործը սկսի, մյուսը՝ Կապանի։ Միաժամանակ աշխատելով՝ արագ են առաջ գնում, երթուղու կեսին հանդիպում ու մաքրելով հետ են դառնում՝ բացատրում է Կապանի ճանշինի պետը։
Արարատ Կարապետյան (Կապանի ՃՇՇ տնօրեն) - Տաթև-Աղվանին է մերը, դեպի Կարմրաքարի կողմը, Քաջարանի կողմը, մեկ էլ՝ Ծավ-Շիշկերտը, որն էս պահին Մեղրին է անում, քանի որ այլընտրանքը մենք ենք անում՝ մինչև ամսվա վերջ ժողովուրդը էդտեղով կարա գնա-գա:
Քանի դեռ ձյունը գալիս է՝ աղ-ավազն են ցանում, կտրվեց՝ արդեն քերում են, որ անիվների տակ հալված զանգվածը մերկասառույց չկապի, ավտոները սահեն։ Նաև ամենաբարդ՝ Խոտանանի հատվածում մեքենաները դժվարությամբ հաղթահարում են ոլորանները: ֆուռը դժվար է գնում,- իրավիճակը գնահատում է Երևանից մարզ գործուղված մասնագետը։
Գևորգ Մելքոնյան («Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի սպասարկման բաժնի համակարգող ինժեներ) - Ամեն ինչ նորմալ է, առատ տեղումներ են, բայց ճանապարհը բաց է, խցանումներ չկան:
Տաթև-Աղվանին այս փուլում ամենաինտենսիվ վերահսկվող ուղղությունն է՝ ասում են Ճանապարհային դեպարտամենտում։ Այս կառույցն է պատասխանատու՝ պետական, միջպետական ու հանրապետական նշանակության 3700 կմ ասֆալտի ու բետոնի երթևեկելի լինելու համար, ինչը ձմռանը տեղ-տեղ ոչ միշտ է ստացվում։
Խորեն Գրիգորյան («Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապարհային ակտիվների կառավարման դեպարտամենտի պետ) - Խնդրահարույց է Աշոցքը, որտեղ 17-27 աստիճան է բարձրանում, Սիսիանը՝ Զանգերից սկսած, որտեղ -12-ից բարձր է լինում, աղ-ավազը չի կարողանում իր գործն իրականացնել, բոլոր բարձր գոտիներում՝ Մեղրիի լեռանցքը:
Ըստ Խորեն Գրիգորյանի՝ -5-ից բարձր ցրտի դեպքում ազ-ավազ ցանելը գրեթե անիմաստ է, բացարձակ օգուտ չկա՝ լինի բարձրլեռնային գոտում թե անտառային ծմակում։ Արևի հույսին չմնալու համար, արտասահմանի օրինակով, մոտ ժամանակներս մեզ մոտ էլ առաջին անգամ ձյուն-սառույցը հալեցնող քիմիական ռեագենետներ կփորձարկեն։
Խորեն Գրիգորյան - Մեր ռուս գործընկերների հետ աշխատում ենք Հայաստանի պայմաններին առավել հարմար փոշի ռեագենտի տարբերակը խառնուրդ անել աղ-ավազի հետ:
Եթե արդյունքը գոհացնի՝ հաջորդ ձմռանից հյուսիս-հարավի սառչող բետոնը ռեագենտով կմշակվի։ Որ դրա կարիքը շատ կա՝ վերջերս էլ համոզվեցին, երբ Աշտարակի մոտ միանգամից մի քանի մեքենա իրար էր բախվել ու կմ-անոց հերթ գոյացրել։ Աշտարակի ու Եղեգնաձորի հատվածը, ի դեպ, մինչև փետրվար շարունակելու է բարդ տեղանք մնալ, քանի որ հանրապետության ճանապարհների համար հայտարարված մրցույթում այդ հատվածի հաղթողները երկրորդ փորձից են ընտրվել և նոր-նոր են անցնում պարտականությունների կատարմանը։ Այս տարվա մրցույթը՝ Գրիգորյանի բնորոշմամբ գրեթե պատմական էր, քանի որ 2015 թվականից հետո առաջին անգամ պայման են փոխել․ պահանջ դրել՝ գրեդեր ունենալ ոչ թե ամեն 50-60, այլ՝ 40 կմ-ի հաշվով, աղ-ավազը բահով շաղ տալու փոխերն անցնել ավտոմատացված տեխնիկայի, մեքենաները կահավորել GPS-ով, որ հնարավոր լինի դրանց աշխատանքին հեռակա հետևել։ Խստացումներին զուգահեռ՝ պետությունն ավելացրել է կապալառուների ֆինանսավորումը։
Խորեն Գրիգորյան - Գնային ամբողջ փաթեթի մեջ մենք 30 տոկոս գումար ենք ավելացրել սպասարկման համար՝ այս տարի առաջին անգամ: Դա ևս պետք է խթանիչ լինի 5 տարվա մեջ: Դա երկարատև բիզնես է, ու դա թե՛ լիզինգով, թե՛ այլ կերպ նոր տեխնիկա ձեռք բերել:
Սյունիքի երկու ճանշինները, օրինակ, արդեն նոր տեխնիկա են գնել։ Դեպարտամենտում հույս ունեն՝ ճանապարհների սպասարկման իրենց սկսած բարեփոխումն այս բիզնեսով զբաղված բոլոր 37 տնտեսվարողներին կստիպի բարելավել աշխատանքը։ Որոշ ընկերությունների, սակայն, թերացումների համար գումարի պահումը նույնիսկ չի զգոնացնում։
Խորեն Գրիգորյան - Հունվարի այս ժամանակահատվածում մենք արդեն 11 զգուշացում-պահումով նամակ ունենք ուղարկված:
Բոլոր ճանշիններում տեղյակ են, որ մայրուղիների սպասարկման պահանջները երկրում այս տարվանից փոխված են։ Բոլորը պետք է հարմարվեն նոր կանոններին՝ ասում է Գրիգորյանը։ Գնահատում՝ ճանապարհների մաքրությունը հունվարին գուցե նախորդ տարիների համեմատ վարորդների աչքին լավ էր, բայց նոր պայմաններով սպասարկումից ինքը գոհ չէ։