Ժնևում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի բանակցություններից հետո տեղի է ունեցել Լավրովի մամուլի ասուլիսը՝ հայտնում է РИА Новости-ն։
Քննարկման հիմնական թեման անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկներն էին և Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Լավրովի խոսքով՝ ամերիկյան կողմը խոստացել է հաջորդ շաբաթ գրավոր պատասխան տալ ռուսական առաջարկներին։
«Մենք միջանկյալ հանդիպում ունեցանք, Էնթոնի Բլինքենն ինձ ասաց, որ գոհ է մտքերի փոխանակությունից, ինչը կօգնի հաջորդ շաբաթ մեզ գրավոր արձագանք տրամադրել: Ի դեպ, դա մի քանի անգամ ընդգծվել է»,- ասել է ռուս դիվանագետը։
Մոսկվան բազմիցս է խոսել նման քայլի անհրաժեշտության մասին, միաժամանակ զգուշացրել է, որ «անվերջ չի սպասի» պատասխանի։
«Մենք սպասում ենք մեր առաջարկների պաշտոնական պատասխանին, որից հետո ծրագրում ենք բարձր մակարդակի ևս մեկ հանդիպում: Նախագահ Պուտինը միշտ պատրաստ է նախագահ Բայդենի հետ շփումներին, պարզ է, որ դրանց պետք է լրջորեն պատրաստվել»,- ասել Լավրովը:
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնման դադարեցումը քննարկելիս ամերիկյան կողմը հերթական անգամ օգտագործել է դաշինքների ազատ ընտրության փաստարկը։ Ըստ Լավրովի՝ Մոսկվան մատնանշել է նման դիրքորոշման հակասական բնույթը: ԱՄՆ-ը, օրինակ, ԵԱՀԿ շրջանակներում բազմիցս հաստատել է որոշ պետությունների անվտանգության ապահովման անթույլատրելիությունը մյուսների հաշվին։ Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի հակառուսական կողմնորոշումն ամրագրված է դաշինքի դոկտրինում, ուստի Մոսկվան սկզբունքորեն դեմ է դաշինքի ընդլայնմանը։
Ռուսական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ բանակցություններում ամերիկյան պատվիրակությունը ձգտել է ավելի շատ ժամանակ հատկացնել ուկրաինական խնդրին, այն մղել առաջին պլան: Լավրովը, սակայն, ընդգծել է, որ եվրոպական դիվանագիտության ճարտարապետության ամբողջ թեման չի կարելի սահմանափակել այս հարցով։
Նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել հարևանների վրա։ Նա միաժամանակ ենթադրել է, որ Մոսկվային ուղղված մեղադրանքների շարանի նպատակն է՝ միջազգային հանրության ուշադրությունը շեղել Դոնբասում հակամարտության խաղաղ կարգավորումը խափանելու Կիևի փորձերից։
Արտգործնախարար Լավրովը դրական է արտահայտվել բանակցությունների արդյունքների մասին։ Նա նաև հույս է հայտնել, որ ապագայում երկու երկրի միջև երկխոսությունն ավելի քիչ էմոցիոնալ կլինի, սակայն դրա համար երաշխիքներ չկան։