Ավանդական ձեռքսեղմումով սկսվեց Ռուսաստանի և Միացայալ Նահանգների նախագահների հանդիպումը: Ժնևի «Պրեզիդենտ» հյուրանոցում Սերգեյ Լավրովի և Էնթոնի Բլինքենի՝ փակ դռների հետևում անցկացված հանդիպումը տևեց 1 ու կես ժամ: Քննարկման հիմնական թեմաներն էին անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկներն ու Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Փակ դռների բացվելուց հետո արտգործնախարարները հանդես եկան առանձին ասուլիսներով: Վաշինգտոնը հաջորդ շաբաթ գրավոր պատասխան կտա անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկություններին՝ հայտարարեց Լավրովը, նրա գործընկերը հաստատեց խոստումը:
Էնթոնի Բլինքեն, ԱՄՆ պետքարտուղար - Մենք այսօր պայմանավորվեցինք, որ հաջորդ շաբաթ գրավոր կկիսվենք մեր գաղափարներով, կպատասխանենք Ռուսաստանի մտահոգություններին, նաև գրավոր կներկայացնենք մեզ հուզող հարցերը:
Մոսկվան Վաշինգտոնից արդեն տևական ժամանակ է պահանջում է գրավոր երաշխիքներ: Սերգեյ Լավրովի խոսքով՝ դա անհրաժեշտություն է, որին ռուսական կողմն անվերջ սպասել չի պատրաստվում:
Սերգեյ Լավրով, ՌԴ ԱԳՆ նախարար - Մենք սպասում ենք մեր առաջարկների պաշտոնական պատասխանին, որից հետո ծրագրում ենք բարձր մակարդակի ևս մեկ հանդիպում: Նախագահ Պուտինը միշտ պատրաստ է նախագահ Բայդենի հետ շփումներին: Պարզ է, որ դրանց պետք է լրջորեն պատրաստվել:
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնման դադարեցումը քննարկելիս ամերիկյան կողմը հերթական անգամ օգտագործել է դաշինքների ազատ ընտրության փաստարկը։ Ըստ Լավրովի՝ Մոսկվան մատնանշել է նման դիրքորոշման հակասական բնույթը:
Սերգեյ Լավրով - ԱՄՆ-ը, օրինակ, ԵԱՀԿ շրջանակներում բազմիցս հաստատել է որոշ պետությունների անվտանգության ապահովման անթույլատրելիությունը մյուսների հաշվին։ ՆԱՏՕ-ի հակառուսական կողմնորոշումն ամրագրված է դաշինքի դոկտրինում, ուստի Մոսկվան սկզբունքորեն դեմ է դաշինքի ընդլայնմանը։
Ռուսական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ բանակցություններում ամերիկյան պատվիրակությունը ձգտել է ավելի շատ ժամանակ հատկացնել ուկրաինական խնդրին, այն մղել առաջին պլան: Լավրովը, սակայն, ընդգծել է, որ եվրոպական դիվանագիտության ճարտարապետության ամբողջ թեման չի կարելի սահմանափակել այս հարցով։ Նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել հարևանների վրա։
Վաշինգտոնն ակնկալում է գործնական ապացույցներ, մատնանշում պաշտոնական Մոսկվայից ակնկալվող քայլերը:
Էնթոնի Բլինքեն - Եթե Ռուսաստանը ցանկանում է աշխարհին համոզել, որ ագրեսիվ մտադրություն չունի Ուկրաինայի նկատմամբ, պետք է սկսի լարվածությունը թուլացնել՝ իր ուժերը սահմանից ետ քաշելով:
Բլինքենը մանրամասնել է, որ Մոսկվային փոխանցել է Միացյալ Նահանգների, նրա եվրոպացի դաշնակիցների ու գործընկերների դիրքորոշումը՝ «Մենք ամուր կանգնած ենք Ուկրաինայի կողքին՝ աջակցելով նրա ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությունը»՝ եզրափակել է պետքարտուղարը: