Եվրամիության բարձրաստիճան դիվանագետների գլխավորած պատվիրակությունը Երևանում է: Այցը պատահական չէ: Այն հաջորդում է դեկտեմբերին Բրյուսելում Եվրոպական խորհրդի և Ֆրանսիայի նախագահների միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներին:
Եվրամիության խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ Իզաբել Դյումոնի և Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ղեկավարած պատվիրակությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի հետևանքով Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին, հայ-ադրբեջանական սահմանին լարվածության լիցքաթափմանն ու կայունության ապահովմանն ուղղված քայլերին:
Ե՛վ վարչապետը, և՛ Եվրամիության պատվիրակության անդամներն ընդգծել են՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման ուղղությամբ համանախագահների գործունեության ակտիվացումն անհրաժեշտություն է: Խոսակցության առանցքում են եղել նաև Սոչիում ՌԴ նախագահի, ինչպես նաև Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի ու Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպումների արդյունքների ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցերը:
Այս շեշտադրումը հատկապես կարևոր է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի օրերս արած այն հայտարարությունից հետո, թե Բաքվի համար անընդունելի են սահմանազատում սկսելու համար Երևանի նախապայմանները: Սրան ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ հայկական կողմի առաջարկները ոչ թե նախապայմանների, այլ զորքերի հայելային հետքաշման վերաբերյալ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունը կյանքի կոչելու մասին են:
Եվրամիության ներկայացուցիչներից կազմված պատվիրակության հետ հանդիպել են նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Ըստ գերատեսչությունների հաղորդագրությունների՝ քննարկման սեղանին հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի շուտափույթ մեկնարկի ու այդ նպատակով համապատասխան մթնոլորտի ձևավորուման հարցերն են եղել:
Դյումոնն ու Կլաարը, անդրադառնալով հումանիտար խնդիրներին, ընդգծել են՝ Եվրամիությունն ակտիվ աշխատանք է տանում ռազմագերիների շուրջ ստեղծված ճգնաժամը շուտափույթ լուծելու ուղղությամբ:
Հիշեցնենք՝ Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումներից օրեր անց Ադրբեջանում պահվող հայաստանցի ռազմագերիներից տասը Երևան էր վերադարձել Եվրամիության միջնորդությամբ, ինքնաթիռում նրանց ուղեկցում էր Տոյվո Կլաարը։
Երևան այցից մեկ օր առաջ Եվրամիության պատվիրակությունը Բաքվում էր: Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը թվիթերյան գրառմամբ գերազանց էր գնահատել, նշել՝ շարունակել են դեկտեմբերի բրյուսելյան հանդիպումն ու քննարկելհետագա գործակցությունը:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան