Էդվարդ պապը միանգամից է գլխի ընկել՝ իր հետ տեղի ունեցած այս կտրուկ փոփոխությունը կաթվածի նշան է: Հարազատները սկզբում կարծել են՝ կատակում է, հետո շտապ օգնություն են կանչել և առանց ժամանակ կորցնելու նրան Աբովյանից հասցրել Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Արագությունը որոշիչ է եղել. Էդվարդ Աթասյանի կյանքը փրկվել է:
Էդվարդ Աթասյան - Հիմի նորմալ վիճակում եմ, մենակ կխնդրեմ բժշկին՝ ինձ ասի՝ իրավունք ունե՞մ հաց ուտելիս մի փոքր օղի օգտագործեմ:
Լյուդմիլա Փիլոյան - Դեկտեմբերի 14-ն էր: Առավոտյան դստերս էի սպասում գիշերային հերթափոխից: Տանը կատուներ եմ պահում, արթնացա, տունը կարգի բերեցի, կատուներին կերակրեցի, հետո, երբ կռացա, որ ամանները հավաքեմ, հանկարծ ընկա: Զարմացա՝ ինչ պատահեց: Ուզում էի աջ ձեռքով ամանը վերցնել, ձեռքս երկարել չկարողացա: Մի կերպ վերցրի, հետո վեր կացա, գնացի սենյակի ամանները հավաքելու: Այդ ժամանակ աղջիկս դռան զանգը տվեց: Բացեցի, զարմացավ՝ մայրիկ քեզ ինչ է պատահել»:
Տիկին Լյուդմիլայի դեմքը ծռված է եղել: Աղջիկն անմիջապես շտապ օգնություն է կանչել, և ժամանակին հասցրել են հիվանդանոց: Էդվարդ պապի պես նա էլ բուժաշխատողներից ստացած հոգատարությունն ընդգծելով ասում է՝ հիմա արդեն լավ է զգում ու մայրենի ուկրաիներենով փորձում է չարը խափանել:
Իշեմիկ կաթվածի՝ ինսուլտի բուժումը միլիոնավոր դրամներ արժե: 2019 թվականից Հայաստանում իրագործվող ծրագրով այս բուժօգնությունը (դեղորայքային թե վիրահատական), տրամադրվում է պետպատվերով: Մինչ այս ծրագրից օգտվելու հնարավորություն կար միայն Երևանում, բայց արդեն հունվարի 3-ից դռները կբացի Գյումրու կաթվածի կենտրոնը: Ավելի ուշ ծրագիրը կգործի նաև Վանաձորում և Դիլիջանում:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության և կաթվածի բաժանմունքների վարիչ, առողջապահության նախարարությանը կից կաթվածի խորհրդի նախագահ Նունե Եղիազարյանը այս ծրագիրը հեղափոխական է համարում:
Նունե Եղիազարյան («Էրեբունի» ԲԿ նյարդաբանության և կաթվածի բաժանմունքների վարիչ, առողջապահության նախարարությանը կից կաթվածի խորհրդի նախագահ) - Ծրագրի ներդրումը օգնել է պակասեցնել իշեմիկ կաթվածի մահացությունը՝ ընդհանրապես, և փրկել բազում-բազում հիվանդների հաշմանդամությունից: Ծրագիրն այսօրվա դրությամբ կարելի է խիստ հաջողված համարել:
Կաթվածի պետպատվերով բուժման ծրագրից արդեն օգտվել է 1114 անձ: Նրանց 70 տոկոսը կարճ ժամանակ անց ամբողջությամբ վերադարձել է բնականոն կյանք կամ ունի չնչին սահմանափակումներ:
Նունե Եղիազարյան - Մենք, վստահեցնում եմ ձեզ, բացարձակապես համապատասխանում ենք միջազգային նորմատիվներին:
Իշեմիկ կաթվածի բուժումը հնարավոր է առաջին ժամերին, եթե իհարկե, մի շարք պայմաններ եւս առկա են, ինչը գնահատում է բժիշկը:
Նունե Եղիազարյան - Որոշակի կրիտերիաների առկայության դեպքում 24 ժամվա ընթացքում հիվանդանոց հասած հիվանդները կարող են հույս ունենալ, որ իրենց մենք կարող ենք օգնել:
Իշեմիկ կաթվածի ախտանշաններն են՝ հանկարծակի առաջացած խոսքի և ընկալման խանգարումները, վերջույթների թմրածությունը, շարժումների սահմանափակումը, դեմքի ծռվածությունը, հավասարակշռության և տեսողության խանգարումները:
Հեղինակ՝ Աննա Զախարյան