Այսօր Ժնևում տեղի կունենա ԱՄՆ և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Բանակցությունների արդյունքներով Լավրովն ու Բլինքենը հանդես կգան առանձին մամուլի ասուլիսներով։ Ավելի վաղ՝ հունվարի 10-ին ԱՄՆ-ն ու Ռուսաստանը Ժնևում խորհրդակցություններ են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ, հունվարի 12-ին Բրյուսելում կայացել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը, հունվարի 13-ին եվրոպական անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ քննարկումները շարունակվել էին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի շրջանակում: Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բեկում չի ակնկալում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ այսօր Ժնևում կայանալիք բանակցություններից, սակայն հույս ունի լսել, թե ինչի է հասել Մոսկվան ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ վերջին խորհրդակցություններից հետո:
ԲԱՅԴԵՆԸ ՀԱՅՏՆԵԼ Է ԻՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ամփոփել է իր պաշտոնավարման առաջին տարին: Ելույթում Սպիտակ տան ղեկավարն անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերություններին և նախազգուշացրել, որ Մոսկվան պատասխանատվության կենթարկվի, եթե ներխուժի Ուկրաինա: Բայդենը շեշտել է՝ դա կունենա աղետալի հետևանքներ Ռուսաստանի ու երկրի տնտեսության համար: ԱՄՆ առաջնորդը նաև մտահոգություն է հայտնել, որ Ուկրաինայում իրավիճակը կարող է «շատ հեշտությամբ դուրս գալ վերահսկողությունից»: «Ես արդեն ավելի քան 600 միլիոն դոլար արժողությամբ պաշտպանական սարքավորումներ եմ ուղարկել ուկրաինացիներին` ասել է Բայդենը: «Ռուսական ցանկացած ներխուժման պատասխան կախված կլինի Մոսկվայի գործողությունների մասշտաբից»՝ հայտարարել է ԱՄՆ նախագահը:
ԷՐԴՈՂԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՊՈՒՏԻՆ-ԶԵԼԵՆՍԿԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է Անկարայի նպատակը՝ իր տարածքում կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդոմիր Զելենսկիի հետ: «Մեզ տխրեցնում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձևավորվել է պատերազմի մթնոլորտ։ Մենք հույս ունենք կազմակերպել Պուտինի ու Զելենսկիի հանդիպումը։ Հաջորդ ամսվա սկզբին ես այցելելու եմ Ուկրաինա»,- ասել է Էրդողանը Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ։
ԻՐԱՆ-ՌԴ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է
Մոսկվա կատարած այցի ավարտին՝ Թեհրանի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հույս է հայտնել, որ այցը շրջադարձային կլինի երկու երկրների հարաբերություններում: Ռայիսին նշել է, որ այցի ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք կարևոր են Իրանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակների իրականացման համար, այդ թվում՝ հարևանների, դաշնակիցների ու աշխարհի հետ առավելագույն փոխգործակցության: Ռայիսին նշել է, որ Իրանն ու Ռուսաստանը կարող են քայլեր ձեռնարկել՝ դրամավարկային և բանկային հարաբերությունների և երկկողմ առևտրում դոլարի փոխարեն ազգային արժույթով վճարումներ իրականացնելու ուղղությամբ: Անդրադառնալով տարբեր, այդ թվում՝ տնտեսական և նավթի ու գազի ոլորտներում երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին, Ռայիսին նշել է, որ կողմերը համաձայնել են երկկողմ առևտրի ծավալը հասցնել տարեկան 120 միլիարդ դոլարի: Իրանի նախագահը հույս է հայտնել, որ Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը կարող է օգնել լուծել տարածաշրջանային ճգնաժամերը, միջազգային խնդիրները և նպաստել անվտանգության, կայունության, խաղաղության և արդարության հաստատմանը:
ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ ՀՆԴԿԱԿԱՆ ՕՎԿԻԱՆՈՍՈՒՄ
Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում այսօրվանից մեկնարկել են Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի զինված ուժերի «Ծովային անվտանգության գոտի» համատեղ ռազմածովային վարժանքները: Իրանական կողմից զորավարժություններին մասնակցում են Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի և Իրանի բանակի ռազմածովային ուժերի ստորաբաժանումները: